Մեր մասին
Ով ենք մենք
Թեքեյան Կենտրոնը հիմնադրվել է Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցության արդյունքում՝ մի շարք ազգանվեր անձանց եւ կազմակերպությունների ջանքերի շնորհիվ: Կենտրոնը աշխարհասփյուռ հայերի միավորման խորհրդանիշերից է:
Սկսած 2001թ. այն գործում է որպես «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ (ԹԿՀ) եւ, ինչպես իր հիմնադիր Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմինը (Tekeyan Trust London), ունի հայապահպան նշանակություն:
Կրթական, մշակութային, սոցիալական եւ բազմազան այլ մարդասիրական ծրագրերի միջոցով «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը նպաստում է ազգային ինքնության եւ ժառանգության պահպանմանն ու տարածմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը:
Նորություններ եւ իրադարձություններ
Յուրաքանչյուր տարի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի նախաձեռնությամբ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում կազմակերպվում են բազմաթիվ մշակութային, կրթական, հասարակական-քաղաքական միջոցառումներ, պաշտոնական հանդիպումներ, համաժողովներ եւ այլն:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաեւ հարակից այլ կազմակերպությունների եւ գործընկերների գործունեությանը վերաբերող նորություններին կարող եք ծանոթանալ այս բաժնում:
Հայտարարություններ
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի բոլոր ծանուցումներին, հաղորդագրություններին, գովազդային հայտարարություններին եւ կարեւոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությանը:
Ծրագրեր
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը ծրագրեր է իրականացնում մշակութային, կրթական, սոցիալական, հասարակական ոլորտներում: Ծրագրերը, ինչպես նաեւ շահառուները ընտրվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ վերջինիս կողմից կազմված ծրագրերի հանձնաժողովի կողմից:
Վահան Թեքեյան
«Հայ բանաստեղծության իշխան», հրապարակախոս, խմբագիր, ուսուցիչ, ազգային-հասարակական գործիչ, մարդասեր...
Ծնվել է 1878թ. հունվարի 21-ին Կ. Պոլսում։ Սովորել է տեղի Ներսեսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարաններում։ Աշխատել է Կ. Պոլսի ապահովագրական ընկերություններից մեկում, այնուհետեւ, որպես առեւտրական պաշտոնյա, մեկնել է Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, ապա հաստատվել Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցել է արեւմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբել է իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։
Համիդյան բռնակալության անկումից հետո՝ 1908թ. Թեքեյանը «Շիրակը» տեղափոխել է Կ. Պոլիս /հրատարակել է որպես շաբաթաթերթ/, հաստատվել այստեղ, մասնակցել ազգային-հասարակական կյանքին։ 1914թ. Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, ինչը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Գրական-մանկավարժական կյանքը ծննդավայրում անցկացնելու ձգտումը, սակայն, դարձյալ հանգիստ չէր տալիս նրան, եւ, վերադառնալով Պոլիս, նա սկսում է խմբագրել «Ժողովրդի ձայն» օրաթերթը:
Քաղաքական կյանքն այնուամենայնիվ ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչեւ իր կյանքի վերջը խմբագրում է «Արեւ» օրաթերթը։ Մեծ եղեռնից հետո մասնակցել է որբահավաքման գործին, իբրեւ ուսուցիչ աշխատել է Կ. Պոլսի, Կիպրոսի եւ այլ ազգային վարժարաններում:
Վախճանվել է Կահիրեում 1945թ. ապրիլի 4-ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։
Թեքեյանը գրական ասպարեզ է մտել 19-րդ դարի 90-ական թվականներին: Նա արեւմտահայ դասական բանաստեղծության վերջին եւ սփյուռքահայ բանաստեղծության առաջին խոշոր դեմքն է: Թեքեյանի բանաստեղծություններում արտահայտված են եղեռնի սարսափները, բնաջնջվող ժողովրդի տառապանքի հոգեբանությունը: Հեղինակը հայ ժողովրդի հերոսական անցյալը հակադրում էր իր ժամանակի իրականությանը: Նրա պոեզիան աչքի է ընկնում ձեւի վարպետությամբ ու նրբությամբ. գրել է անհատի զգացմունքների ու ձգտումների մասին: Թեքեյանը սոնետի խոշոր վարպետ է հայ գրականության մեջ: Գրել է նաեւ պատմվածքներ եւ քրոնիկոններ, որոնց թեման առնչվում է գաղութահայ կյանքի, ինչպես նաեւ ազգային-ազատագրական շարժումների հետ: Թարգմանել է Շեքսպիրի սոնետներից, Շառլ Բոդլերի, Պոլ Վեռլենի բանաստեղծություններից: Գրել է հրապարակախոսական եւ գրական բազմաթիվ հոդվածներ:
Ի արժեւորումն Վահան Թեքեյանի գրական ու հասարակական գործունեության՝ 1947թ. Բեյրութում ստեղծվեց սփյուռքի ամենակարեւոր մշակութային կառույցներից մեկը՝ Թեքեյան մշակութային միությունը, որն աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով նպաստում է հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը:
Թեքեյանի անունն են կրում նաեւ աշխարհի տարբեր երկրներում գործող կրթօջախներ ու կենտրոններ, այդ թվում նաեւ Հայաստանում եւ Արցախում՝ հինգ դպրոցներ, որոնք սերտորեն համագործակցում են «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հետ: