(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի 40-ամյակ

2019-10-11

 
 
Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի (ԼԹԽՄ) առաքելությունը հայապահպանությունն ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումն ու զարգացումն է: Այն սատարում է նաեւ Սփյուռքում ազգային ինքնության՝ մշակույթի, կրոնի եւ լեզվի պահպանման գործընթացին: Բազմաբնույթ մշակութային ձեռնարկների միջոցով հայ երիտասարդներին մոտեցնում է ազգային կարեւորագույն արժեքներին՝ պատմությանը, գրականությանը, երաժշտությանը, արվեստին: ԼԹԽՄ հիմնադրվել է 1979 թվականին Լոնդոնի Թեքեյան մշակութային միության /ԼԹՄՄ/ պատվավոր նախագահ Կարո Գրիգորյանի, վարչության անդամներ Վարդան Ուզունյանի, Կարո Արեւյանի, Թագվոր Պարզանքյանի եւ Դավիթ Մսրլյանի կողմից: Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի հովանու ներքո են գործում Լոնդոնի ԹՄՄ, Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախումբը եւ Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը: ԼԹԽՄ տարեկան դրամահավաքներ է կազմակերպում՝ օժանդակելու իր շահառուների ծրագրերին: Անցյալում ԼԹԽՄ ընդգրկել է նաեւ Հայ երաժշտության ինստիտուտը, «Արաքս» ժողովրդական պարային համույթը, «Էրեբունի» երկշաբաթաթերթը, որը լույս է տեսել Լոնդոնում 15 տարուց ավելի:
 
Լոնդոնի Քոփթորն Թարա հյուրանոցում կայացավ մեծաշուք հանդիսություն՝ նվիրված սփյուռքի ամենանշանակալի մշակութային, ազգային-հասարակական կառույցներից մեկի` Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /The Tekeyan Trust London/ հիմնադրման 40-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բարերարներ, հայ համայնքի բազմաթիվ պատվավոր ներկայացուցիչներ:
 
Ձեռնարկը մեկնարկեց Հայաստանի ազգային օրհներգով, ինչից հետո ԼԹԽՄ հիմնադիր անդամ եւ պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը ներկայացրեց կառույցի պատմությունն ու ազգային գաղափարախոսությունը, կարեւորելով նրա գոյությունը Անգլիայի հայ համայնքում եւ նրա բազմամյա գործունեությունը ի նպաստ հայ ինքնության, լեզվի, եկեղեցու եւ մշակույթի: Անդրադառնալով ԼԹԽՄ հաջողություններին, Վ.Ուզունյանը հատկանշեց շաբաթաթերթը, պարային համույթը, երգչախումբը, հիմնադրամը, որոնք հիմնադրվել են ԼԹԽՄ կողմից եւ շարունակում են գործել նրա հովանու ներքո: Խոսելով ապագա անելիքների ու ծրագրերի մասին, Վ.Ուզունյանը մասնավորապես խիստ մտահոգություն հայտնեց սփյուռքի հայ կրթօջախների պահպանման եւ նաեւ երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության վերաբերյալ: Վ.Ուզունյանն իր խոսքն ամփոփեց շնորհավորանքի եւ երախտիքի խոսքով բոլոր բարերարներին, համակիրներին եւ գործընկերներին Հայաստանից եւ Սփյուռից, որոնք տարիներ շարունակ վստահում են եւ կանգնած են ԼԹԽՄ կողքին:
 
Լոնդոնի ԹՄՄ անունից հանդես եկավ նախագահ Կարեն Արեւյանը. շնորհավորական ուղերձում նա անդրադարձավ ԹՄՄ եւ ԼԹԽՄ միջեւ համագործակցությանը, հատկանշեց Թեքեյան կառույցների դերը հայ համայնքի կյանքում, նաեւ կոչ արեց երիտասարդ նվիրյալներին ընդգրկվել կառույցի գործունեության մեջ: Նա երախտիքի խոսք ասաց նաեւ բոլոր աջակիցներին, ինչպես նաեւ երեկոյի մշակութային գործիչներին եւ ԼԹԽՄ նմանատիպ ձեռնարկ կազմակերպելու համար:
 
Ձեռնարկի պաշտոնական մասն ավարտվեց Տ. Հովակիմ եպիսկոպոսի շնորհավորական խոսքով եւ օրհնությամբ: Հոգեւորականը նաեւ բարձր գնահատանքի արժանացրեց Լոնդոնի Թեքեյան կառույցների ազգանվեր գործունեությունը եւ մաղթեց նորանոր հաջոցություններ ու ձեռքբերումներ հայապահպանության դժվարին գործում:
 
Տոնական հանդիսությունը շարունակվեց մշակութային ծրագրով՝ հայկական երաժշտությամբ, երգով ու պարով: Տպավորիչ ելույթներով հանդես եկան մեցո սոպրանո Անայիս Հեղոյանը, սոպրանո Թերեզա Գեւորգյանը, Գրիգոր Նաջարյանը, «Վոկալ Թրիո»՝ Զվարթ Կարեյանը, Ցուզել Մանուչարովան, Ֆեյրուզ Թորոսյանը, ջութակահար Անժելա Նաջարյանը, դաշնակահար Հաո Զի Յոհը, ինչպես նաեւ Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի «Կոմիտաս» կամերային երգչախումբը՝ խմբավար Գրիգոր Նաջարյանի գլխավորությամբ: Երեկոյի ընթացքում հնչեցին հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Է.Աբրահամյան, Գ.Չերչյան, Ռ.Պետրոսյան, Հ.Հայկազուն եւ այլոց գործերից: Համերգային մասը եզրափակվեց Լոնդոնի «Ախթամար» պարային համույթի գեղեցիկ ելույթներով /գեղարվեստական ղեկավար՝ Արսեն Զաքարյան/:
 
Տոնական ճաշկերույթի ընթացքում ցուցադրվեց ԼԹԽՄ գործունեությանը վերաբերող ֆիլմ:
 

 

 
նախորդ էջ