Ընդունելություն` ի պատիվ դոկտոր Արմեն Սարգսյանի
2014-03-28
Լոնդոնի Թեքեյան մշակութային միությունը եւ «Նոր սերունդ» մշակութային միությունը կազմակերպեցին ընդունելություն` ի պատիվ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտ. Արմեն Սարգսյանի:
Լոնդոնի հայ համայնքի համար այս կարեւոր եւ հիշարժան միջոցառմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, դիվանագետներ, այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Վրաստանի դեսպանները, լորդեր, խորհրդարանի անդամներ, այլ պետական այրեր եւ պատվավոր հյուրեր:
Երեկոն բացեց Լոնդոնի ԹՄՄ ատենապետ Կարո Բոյաջյանը, որը, ողջունելով դեսպան Արմեն Սարգսյանին, մաղթեց նրան բեղմնավոր գործունեություն: Պրն. Բոյաջյանը նշեց, որ ՄԲ հայ համայնքը բարձր է գնահատում դեսպանի ջանքերին ու ձգտումը բարելավել Հայաստանի դիրքերը աշխարհում: Նա հավելեց, որ հայերն ակնկալում են նաեւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների նոր փուլ եւ առաջարկում են իրենց աջակցությունը:
ՄԲ եւ Հայաստանի ամենաակտիվ մշակութային կազմակերպությունների անունից հանդես եկավ պրն. Վարդան Ուզունյանը` ԼԹԽՄ պատվավոր քարտուղար, ԼԹՄՄ նախագահ, ԹԿՀ նախագահ: Պրն. Ուզունյանը ջերմագին շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ հղեց դոկտ. Արմեն Սարգսյանին երրորդ անգամ ՄԲ-ում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ: Իր խոսքում պրն. Ուզունյանը ակնարկեց իրենց առաջին հանդիպումը, երբ 1984թ. ֆիզիկայի մի երիտասարդ դասախոս նախկին Սովետական Միությունից այցելեց Լոնդոն: ԹՄՄ կազմակերպեց նրա առաջին դասախոսությունը հայ համայնքի համար: Եվ այժմ, ճանաչելով դոկտ. Սարգսյանին երեք տասնյակ տարիներ, պրն. Ուզունյանը բարձրաձայնեց, որ դեսպանի փորձն ու գիտելիքները անկասկած ծառայելու են հայ ազգային եւ մշակութային ինքնության զարգացմանը եւ հայրենիքի հզորացմանը:
Պրն. Ուզունյանը պատիվ ունեցավ նաեւ ընթերցելու բարոնուհի Քերոլայն Քոքսի շնորհավորական ուղերձը դեսպանին /ճամփորդելու պատճառով նա չեր կարողացել ներկա գտնվել ձեռնարկին/:
Ինչպես իր ելույթում նշեց դոկտ. Վազգեն Կասեմջյանը` «Նոր սերունդ» մշակութային միության ատենապետը, հազվադեպ է լինում, որ միեւնույն անձը երեք անգամ նշանակվում է նույն երկրի դեսպան եւ առավել հազվադեպ, երբ այդ անձը նշանակվում է վարչապետ: Եվ այդ ամենից զատ, նույն անձը հանդիսանում է հաջողված գիտնական, գործարար, բարեգործ: Այս ամենը ձեռք է բերվել դեսպան Սարգսյանի կողմից վերջին քսան տարիների ընթացքում: Դոկտ. Կասեմջյանը հիշեցրեց նաեւ 1992թ., երբ Արմեն Սարգսյանը սկսեց իր դիվանագիտական կարիերան, եւ երբ առաջին անգամ ՄԲ-ում ծածանվեց անկախ Հայաստանի դրոշը: Այդ նշանավոր օրը հայ համայնքի համար նոր դարաշրջանի սկիզբ հանդիսացավ: Եվ այսօր «Նոր սերունդը» պատրաստակամություն հայտնեց համագործակցելու դեսպանի հետ` ի շահ հայ ազգի եւ Հայաստանի Հանրապետության:
Այսչափ մեծ աջակցություն ստանալուց հետո, դեսպան Սարգսյանը նախ խորին շնորհակալություն հայտնեց ԹՄՄ եւ «Նոր սերնդին» գեղեցիկ երեկո կազմակերպելու համար, ապա` բոլոր հյուրերին, աջակիցներին բարեմաղթանքների համար եւ նշեց, որ բոլոր ջերմ խոսքերը համարում է ոչ թե գովեստ, այլ իրեն ուղղված վստահություն, որն ինքը պարտավորվում է արդարացնել:
Իր խոսքում դոկտ. Սարգսյանը մանրամասնեց իր առաջին այցելությունը Լոնդոն. 30 տարի առաջ երիտասարդ սովետական գիտնականը հրավիրվեց աշխատելու Քեմբրիջի համալսարանում: ԹՄՄ աջակցեց երիտասարդին եւ կազմակերպեց իր առաջին պաշտոնական հանդիպումը հայ համայնքի հետ. խոսվեց հայրենիքի, պատմության, կրթության, գիտության եւ այլնի մասին: Մեծ տպավորություն եւ անջնջելի հիշողություններ մնացին դոկտ. Սարգսյանի մոտ: Նա նույնիսկ կատակով նշեց, թե հիշում է ինչ ուտեստ համտեսեց այդ օրը չինական ռեստորանում, ուր նրան հրավիրել էին տեր եւ տիկ. Վ. Ուզունյանները դասախոսությունից հետո:
Դոկտ. Սարգսյանը հիշեցրեց, որ 1991թ., երբ Սովետական Միությունը փլուզման եզրին էր կանգնած, Հայաստանի առաջին նախագահը հանձնարարեց իրեն հիմնել առաջին հայկական դեսպանատունը: Եվ շնորհիվ ՄԲ հայ համայնքի երկու ամսում այդ գաղափարը իրականություն դարձավ. կար տարածք դեսպանատան համար, կային աշխատակիցներ, որոնցից շատերը կամավորականներ էին, իսկ Արմեն Սարգսյանն էլ դարձավ դեսպան: Ինչպես նա նշեց, իր առաջին ուսուցիչը ՌԴ դեսպանն էր /նախկին Սովետական Միության դեսպանը/, որից նա շատ բան սովորեց եւ գիտանականից վերածվեց պրոֆեսիոնալ դիվանագետի:
Անդրադառնալով Սովետական Միությանը, դեսպանը նշեց, որ դա մի հզոր կայսրություն էր, որին հաջողվել էր ստեղծել նախ եւ առաջ առողջ եւ բարյացակամ միջավայր, որտեղ ապրում եւ արարում էին տարբեր ազգություններ: ՍՍՀՄ ուներ հիանալի կրթական համակարգ, մեծ ակադեմիա. մեծ աջակցություն էր ցուցաբերում արվեստին եւ երաժշտությանը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ ՍՍՀՄ տարածքային մեծ սխալներ է գործել, ինչի հետեւանքով մեծ խնդիրներ են ծագել եւ առայսօր լուծված չեն` Ղարաբաղ, Ղրիմ, Աբխազիա, Օսեթիա եւ այլն: Դեսպանի կարծիքով, ՍՍՀՄ հաջորդող սերունդները պետք է շատ ավելի լավ գործեն, որպեսզի նմանատիպ խնդիրներ չառաջանան: Դոկտ. Սարգսյանի կարծիքով Սիրիայի խնդիրը կարող է մեծ վնասներ պատճառել ողջ տարածաշրջանին, այդ թվում նաեւ Հայաստանին: Նա ցավով խոսեց նաեւ Քեսաբից տեղահանված հայերի մասին եւ հույս հայտնեց, որ հայկական պատվիրակությունը կկարողանա հարցը շտկել Սիրիայի նախագահի հետ, եւ հայերը կվերադառնան այնտեղ, ուր եղել է Կիլիկիայի Հայկական Թագավորությունը:
Երրորդ անգամ ՄԲ-ում դեսպան նշանակվելու վերաբերյալ, դոկտ. Սարգսյանը մեկնաբանեց, որ իր կարծիքով, Հայաստանի եւ հայ ժողովրդի համար իր ներդրումը որպես դիվանագետի ավելի մեծ կլինի, քան որպես գործարարի կամ բարեգործի: Անշուշտ, դրական փոփոխություններ եղել են թե Հայաստանում եւ թե Արցախում, սակայն սա դեռ այն հայրենիքը չէ, որի մասին նա երազել է: Դեռ շատ անելիք կա: Նա բավական երկար ժամանակ է ապրում ՄԲ-ում եւ զբաղվում քաղաքականությամբ, ուստի գիտի, ինչքան կարեւոր է հայ ժողովրդի համար ամրապնդել փոխհարաբերությունները ՄԲ-ի հետ, քանի որ այս երկիրը մեծ դեր ունի աշխարհում, սկսած ՄԱԿ-ից, որտեղ Հայաստանին առնչվող շատ կարեւոր որոշումներ են կայացվում:
Դեսպանը խոսեց առաջիկա ծրագրերի մասին, որոնցից գլխավորը առնչվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: 2015թ. իր համար խորհրդանշում է ոչ միայն Հայոց ցեղասպանության 100 տարելիցը, այլեւ մեծ ազգի գոյատեւման 100-ամյա տարելիցը: Այս կապակցությամբ դեսպանի ծրագիրն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ` 100 հեկտար լքված հողատարածքի վրա ստեղծել «Հայ» այգի: Այգին բաղկացած կլինի փոքր այգիներից, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի մեկ հայ համայնք, իսկ միասին նրանք կկազմեն հայ ազգը: Դեսպանի ցանկությունն է տեսնել միավորված ժողովուրդ, այլ ոչ հայաստանցիների եւ սփյուռքահայերի: «Մեզնից յուրաքանչյուրը պետք է ներդնի իր լուման մեր սիրելի Հայրենիքի զարգացման գործում, որովհետեւ, չնայած որպես ազգ մենք շատ ավելի մեծ ենք, քան մեր պետություն, մենք չենք կարող միասնական եւ ուժեղ լինել առանց հզոր պետության եւ եկեղեցու», - եզրափակեց դեսպան Սարգսյանը:
Երեկոյի ընթացքում խոսեց նաեւ ՄԲ Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, որի կարծիքով հայերը մեծ ազգի զավակներ են. ազգ, որը մեծ ներդրում ունի համաշխարհային պատմության, քաղաքականության, մշակույթի եւ գիտության ոլորտներում: Սակայն վերջին քաղաքական իրողությունները մոլորեցրել են ժողովրդին, որը կարիք ունի առաջնորդների, որոնք ճիշտ են ընկալում հայերի քաղաքակրթությունն ու մշակութային ժառանգությունը: Եվ որպես Հայ եկեղեցու առաջնորդ, Տ. Վահան եպիսկոպոսը միացավ հայ համայնքին եւ վստահություն արտահայտեց դեսպան Սարգսյանի նկատմամբ` փոխանցելու հայ քաղաքակրթությունը հաջորդող սերունդներին: Նա նաեւ կոչ արեց ողջ Սփյուռքին համախմբվել եւ համագործակցել ՀՀ հետ, որպեսզի ոչ միայն «Հայ» այգին, այլեւ ողջ Հայաստանը դառնա դրախտավայր:
Միջոցառման վերջում ԹՄՄ եւ «Նոր սերունդը» հուշանվեր` փորագրած արծաթե ափսե, հանձնեցին դեսպան Արմեն Սարգսյանին որպես երախտիք հայ ազգի եւ հայրենիքի հանդեպ իր մեծ նվիրումի համար:
Երեկոն եզրափակեց ճաշի ընդունելությունը եւ համերգային ծրագիրը, որը ներկայացրին «Նոր սերնդի» ջութակահարները, ԹՄՄ մեցո-սոպրանո Աննա Մովսիսյանը եւ տենոր Սիփան Հակոբյանը` ԼԹԽՄ «Կոմիտաս» երգչախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար:
նախորդ էջ