Հանդիսություն՝ նվիրված Դավիթ Ղազարյանի ծննդյան 75-ամյակին
2015-03-15
Լոնդոնի Հայ Տանը Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը կազմակերպել էր երաժշտության եւ պոեզիայի երեկո՝ նվիրված Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանի ծննդյան 75-րդ տարեդարձին: Երեկոյին ներկա էին ՄԲ-ում Հայ Առաքելական Եկեղեցու եւ Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, Լոնդոնի հայ համայնքի ականավոր գործիչներ, ԼԹԽՄ «Կոմիտաս» երգչախմբի անդամներ, այլ հյուրեր:
Ձեռնարկին ելույթով հանդես եկավ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը: Ողջունելով ներկաներին, պրն. Ուզունյանը շնորհավորական ուղերձ եւ բարեմաղթանքներ հղեց պրոֆ. Ղազարյանին տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ ներկայացրեց հոբելյարի գործունեությունն ու նվաճումները:
Մասնավորապես նշվեցին հայ երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի եւ երկարամյա մանկավարժական գործունեության համար պրոֆ. Ղազարյանին շնորհված պարգեւները, այդ թվում՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ /1985թ./, «Մոցսես Խորենացի» շքանշան /2007թ./, ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ» /2008թ./, ՀՀ ԿԳՆ «Ոսկե մեդալ» /2009թ./, «Ոսկե մեդալ» Երեւանի քաղաքապետի կողմից /2012թ./, «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից /2014թ./, ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» հուշամեդալ /2014թ./:
1970թ. Դավիթ Ղազարյանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Խմբավարության եւ սիմֆոնիկ դիրիժորության ֆակուլտետը: 1992թ. ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1996 թ.-ից նախագահում է Հայաստանի երաժշտական ընկերությունը: Նա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է. պատրաստել 45 խմբավարներ, որոնք աշխատում են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Նա հեղինակ է մի շարք երաժշտական տեսական գրականության, ինչպես նաեւ երգչախմբային ժողովածուների:
Շուրջ 10 տարի պրոֆ. Ղազարյանը հանդիսանում է ՀՀ նախագահի կողմից տրվող պետական մրցանակ շնորհող հանձնաժողովի անդամ «Երաժշտական արվեստ» անվանակարգում, իսկ 2013թ-ից՝ նախագահ: Նա նաեւ Հայաստանում գործող մի շարք երաժշտական հաստատությունների հաձնաժողովների անդամ է՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ…
Հայ Տանը երեկոն շարունակվեց մշակութային ծրագրով. հյուրերը հաճույքով լսեցին Լոնդոնի հայ համայնքում ճանաչված ասմունքող, դերոսանուհի Ժենյա Ներսիսյանին /հատվածներ Հ. Թումանյանի «Անհաղթ Աքլորը» եւ «Անուշ» ստեղծագործություններից/ եւ Տաթեւ Պողոսյանին /Հ. Թումանյան՝ «Լոռեցի Սաքոն»/: Ծրագրի երաժշտական մասն ապահովեցին «Կոմիտաս» երգչախմբի դաշնակահարուհի Էլլա Բաբայանը, կատարելով Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» եւ Ա. Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունները, եւ «Կոմիտաս» երգչախմբի կատարումների տեսաձայնագրությունը:
Ձեռնարկի երաժշտական մասից հետո պրոֆ. Ղազարյանը երախտիքի խոսք հայտնեց Թեքեյան Խնամակալ Մարմնին Լոնդոնում նման հիշարժան երեկո կազմակերպելու համար եւ մաղթեց նորանոր հաջողություններ իր հայանպաստ առաքելությունն իրականացնելու մեջ: Բարեմաղթանքներ հղեց նաեւ «Կոմիտաս» երգչախմբին, մասնավորապես խմբավար Սիփան Հակոբյանին, ով եղել էր իր ուսանողը:
Ելույթի վերջում պրոֆ. Ղազարյանը Հայաստանի երաժշտական ընկերության բարձրագույն պարգեւը՝ «Կոմիտաս» հուշամեդալը, հանձնեց Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար եւ նաեւ Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին իր բազմամյա ազգանվեր գործունեության համար եւ մասնավորապես Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը ստեղծելու համար:
Այնուհետեւ, ժամանակն էր պարգեւատրելու հոբելյարին. Վարդան Ուզունյանը Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի անունից հայ երաժշտական արվեստի զարգացմանը մեծապես նպաստելու համար պրոֆեսոր Դավիթ Ղազարյանին հանձնեց իր 75-ամյակի առթիվ փորագրված արծաթե պնակ:
Վարդապետ Արեն Շահինյանը, շնորհավորելով Դավիթ Ղազարյանին եւ բարձր գնահատանքի արժանացնելով նրա երկարամյա բեղմնավոր գործունեությունը՝ մաղթեց նրան նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:
Հանդիսությունն ավարտվեց հյուրասիրությամբ:
նախորդ էջ