(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Հոբելյանական ձեռնարկ՝ ԼԹԽՄ 35-ամյակ եւ ԼԹՄՄ 40-ամյակ

2015-05-23

 

Մայիսի 23-ին Լոնդոնի Քոփթորն Թարա հյուրանոցում Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /Tekeyan Trust/ նախաձեռնությամբ մեծ հանդիսությամբ նշվեց երկու կարեւոր իրադարձություն` Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի 35-ամյա եւ Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միության 40-ամյա հոբելյանները:

Միջոցառման 150-ից ավելի հյուրերն ուրախ ու խանդավառ մթնոլորտում վայելեցին երաժշտության եւ պոեզիայի անմոռանալի երեկո, լսեցին բարձր գնահատանքի խոսքեր՝ ուղղված ԼԹՄՄ եւ ԼԹԽՄ հիմնադիրներին, աջակիցներին: Ձեռնարկին ներկա էին ՄԲ-ում Հայ Առաքելական Եկեղեցու եւ Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, Լոնդոնի հայ համայնքի ականավոր գործիչներ, նվիրյալ թեքեյանցիներ ՄԲ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լիբանանից, Կիպրոսից, Հայաստանից, ինչպես նաեւ այլ հյուրեր:

Ձեռնարկը վարում էր տիկ. Թամար Մինասյանը, որը ողջույնի խոսքից հետո հրավիրեց Հայր Շնորհք Բաղդասարյանին տերունական աղոթք ասելու:

Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար եւ Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ պրն. Վարդան Ուզունյանը շարունակեց միջոցառման պաշտոնական մասը: Սրտաբուխ շնորհավորանքներ հղելով բոլոր ներկաներին երկու նշանալի իրադարձությունների առթիվ, պրն. Ուզունյանը հատկանշեց ԼԹԽՄ կարեւորությունը ՄԲ հայ համայնքում եւ նրա բազմամյա գործունեությունը ի նպաստ հայ ինքնության, լեզվի, եկեղեցու եւ մշակույթի: Նախագահն ակնարկեց ԼԹՄՄ եւ ԼԹԽՄ կողմից կազմակերպված մի քանի խոշոր մշակութային ձեռնարկներ՝ 1985թ. Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի 5 համերգները.

1989թ.՝ Հայաստանի աղետալի երկրաշարժի առաջին տարելիցին՝ տուժած հայ մանուկներին օգնելու նպատակով, ՄԲ վարչապետ տիկ. Մարգարեթ Թեթչերի բարձր հովանու ներքո Հայաստանի պարի պետական համույթի 21 hամերգները ՄԲ-ում եւ Իռլանդիայում ավելի քան 45,000 հանդիսատեսով. Հայաստանի պետական երգչախմբի ելույթները, մի շարք նկարչական ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, համերգներ: Պրն. Ուզունյանը նշեց նաեւ ԼԹԽՄ հովանու ներքո գործող «Կոմիտաս» երգչախումբը, Հայ երաժշտության ինստիտուտը, «Էրեբունի» երկշաբաթաթերթը /հատուկ շնորհակալություն գլխավոր խմբագիր երջանկահիշատակ դոկտոր Անդրանիկ Ծուլիկյանին՝ բազմամյա անհատույց աշխատանքի համար/, «Արաքս» պարային համույթը /հատուկ շնորհակալություն գեղ.ղեկավար տիկ. Երջանիկ Մարդիկյանին՝ բազմամյա անհատույց աշխատանքի համար/: ԼԹԽՄ հաջողված ծրագրերից մեկն էր նաեւ Երեւանի Թեքեյան Կենտրոնը, որը հանդես գալով որպես հիմնադրամ, տարաբնույթ ծրագրեր է իրականացնում Հայաստանի եւ Արցախի Թեքեյան դպրոցների մասնակցությամբ: Պրն. Ուզունյանն իր ելույթի վերջում երախտիքի խոսք հայտնեց բոլոր թեքեյանական բարերարներին ու աջակիցներին, որոնք մեծապես նպաստել են ԼԹՄՄ, ԼԹԽՄ, ԹԿՀ հիմնադրմանն ու հետագա զարգացմանը:

Ձեռնարկին ելույթով հանդես եկավ ԼԹԽՄ նախագահ տիկ. Սիլվա Գրիգորյան-Ահարոնյանը: Նա հակիրճ անդրադարձ կատարեց լոնդոնյան Թեքեյան կառույցների պատմությանը, ներկայացնելով հիմնադիր անդամներին: 1975թ., երբ ստեղծվեց ԼԹՄՄ, վարչության անդամներն էին՝ Դավիթ Մեսըրլյան, Մանվել Քյոշկերյան, Նորայր Խրլոբյան, Ժիրայր Գեւորգյան, Ալան Քուչուկյան, Սիլվա Գրիգորյան: Քիչ անց Մայդա Գուդենյանը, Անի Բարդակչյանը, Շաքե Չաքմաքչյանը, Սիլվա Շամմասյանը, Վարդան Ուզունյանը եւ Կարո Արեւյանը ընդգրկվեցին վարչությունում: Իսկ 1979թ. ստեղծվեց ԼԹԽՄ հետեւյալ հիմնադիր անդամներով՝ Կարո Գրիգորյան, Վարդան Ուզունյան, Կարապետ Արեւյան, Թագվոր Պարծանքյան, Դավիթ Մեսըրլյան:

Երկու կազմակերպություններն էլ ստեղծվել են մեկ նպատակով՝ մշակութային, կրթական, հասարակական տարբեր ձեռնարկներով օտար ափերում պահպանել հայ ազգը, թույլ չտալ հայ երիտասարդներին միաձուլվել օտարների հետ եւ մոռանալ մայրենի լեզուն: Շուրջ չորս տասնամյակ շարունակ այս կազմակերպությունները սիրով համագործակցում ու աջակցում են միմյանց՝ հայ մշակութային արժեքները պահպանելու ու տարածելու: Տիկ. Գրիգորյան-Ահարոնյանը ներկայացրեց նաեւ Երեւանի Թեքեյան Կենտրոնը որպես ԼԹԽՄ ամենամեծ հպարտությունը, քանի որ այն, կյանք առնելով նորանկախ Հայաստանում, խորհրդանշում է աշխարհասփյուռ հայերի միասնությունը: Հարկ է նշել, որ ԹԿ ծրագիրն իրականացավ մասնավորապես Վարդան Ուզունյանի մեծ ջանքերի շնորհիվ: Բարեգործական դպրոցական ծրագրեր իրականացնելուց զատ, ԹԿ-ում կազմակերպվում են ցուցահանդեսներ, համաժողովներ, կոնֆերանսներ, ասուլիսներ, մշակութային ձեռնարկներ: Տիկ. Գրիգորյան-Ահարոնյանն իր ելեւյթն եզրափակեց շնորհավորանքի ջերմ խոսքերով, բարձր գնահատանքի արժանացնելով եւ շնորհակալություն հայտնելով անցյալի եւ ներկայիս բոլոր աջակիցներին իրենց ազգանվեր գործունեության համար: Եվ հիշատակելով Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերին, նախագահը նշեց, որ ԼԹԽՄ դեռ շատ անելիք ունի՝ ապացուցելու, որ անկարելի է արմատախիլ անել հայ ազգը, նրա լեզուն, կրոնը, մշակույթն ու պատմությունը:

Տոնական հանդիսությունը շարունակվեց հյուրասիրությամբ, որի ընթացքում հյուրերը դիտեցին վավերագրական ֆիլմ՝ նվիրված ԼԹՄՄ եւ ԼԹԽՄ գործունեությանը, այդ թվում Երեւանում Թեքեյան Կենտրոնի բացմանը:

Լոնդոնի ԹՄՄ անունից հանդես եկավ նախագահ տիկ. Վիոլետա Պարզանքյան-Քայդանը, որը շնորհավորական ուղերձ հղեց բոլոր թեքեյանցիներին, մաղթելով դեռ շատ տարեդարձներ, նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ: Դասվելով ՄԲ-ում ստեղծված ամենահին հայ մշակութային կազմակերպությունների շարքին, ԼԹՄՄ եւ ԼԹԽՄ մեծ դեր ու նշանակություն ունեն հայ համայնքի կյանքում: Իսկ ԼԹՄՄ նոր կազմավորված վարչությունը նպատակ ունի շարունակելու եւ ամրապնդելու ԹՄՄ մշակութային գաղափարներն ու ավանդույթները, - հավելեց նախագահը:

Ցավոք, ՄԲ-ում Հայաստանի դեսպան դոկտոր Արմեն Սարգսյանը բացակայում էր քաղաքից, սակայն ողջույնի եւ գնահատանքի խոսք ուներ ասելու, որը սիրով փոխանցեց դեսպանության ներկայացուցիչ պրն. Արմեն Լիլոյանը: Նա կարեւորեց այն փաստը, որ այս տարեդարձները նշվում են հայ ժողովրդի համար խորհրդանշական ժամանակահատվածում՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Երկու հոբելյար կազմակերպություններն էլ կրում են անվանի հայ բանաստեղծի անունը, ով պատահական փրկվեց դաժան ցեղասպանության ճիրաններից, եւ ով իր ստեղծագործություններով արտահայտեց կենսուրախության եւ հերոսության գաղափարները:

Հենց այդ գաղափարներն են, որ ուղեկցեցին հայ ազգին եւ թույլ տվեցին վերահաստատելու իր կենսակերպը, կերտելու նոր կյանք եւ հաջողելու ամենատարբեր ոլորտներում եւ տարբեր երկրներում: Հենց այդ գաղափարներն են, որ օգնեցին ԹՄՄ եւ ԼԹԽՄ հավատարիմ մնալ իրենց արմատներին, իրենց հայրենիքին, ծավալելով ազգապահպան գործունեություն եւ նպաստելով ՄԲ-ում հայ մշակույթի ճանաչելիության բարձրացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Պրն. Լիլոյանը շնորհավորանքի եւ երախտիքի խոսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ իրենց ներդրումն են բերել ԼԹՄՄ եւ ԼԹԽՄ:

Այնուհետեւ, ընթերցվեց ՀՀ սփյուռքի նախարար տիկ. Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը ԼԹԽՄ 35 եւ ԼԹՄՄ 40 ամյակների առթիվ: Նախարարը բարձր գնահատանքի արժանացրեց երկու կազմակերպությունների ազգանվեր գործունեությունը ի շահ հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը, Հայաստան-Սփյուռք գործակցության զորացմանը: «Շնորհակալ եմ ձեզ, ձեր նվիրումի ու հայրենասիրության համար, որ ձեր ամենօրյա ազգային ծառայությամբ, հիմնելով մշակութային կենտրոններ, կրթական, գրական, արվեստի հրատարակչական եւ այլ միություններ, կերտում եք ոչ միայն Թեքեյան կառույցի պատմությունը: Եվ ձեր բազմաբնույթ մշակութային ձեռնարկների միջոցով հայ ոգով դաստիարակելով հայասեր ու հայրենասեր սերունդ` օտարներին ճանաչելի եք դարձնում հայոց բազմադարյա ու հարուստ մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը, նրա համամարդկային արժեքները: Շնորհակալ եմ բոլոր բարերարներին, նվիրատուներին, որոնք անմնացորդ իրենց ավանդն են բերում հայապահպանության գործին…: Ուժ ու կորով եմ մաղթում ձեզ` զորացնելու, պահպանելու եւ տարածելու համար հայկականն ու ազգայինը: Եվ միշտ ձեզ սպասում եմ Հայաստանում», - մասնավորապես ասվում էր նախարարի ուղերձում:

Քոփթորն Թարա հյուրանոցում երեկոն շարունակվեց մշակութային ծրագրով. հյուրերը հաճույքով լսեցին ՀՀ վաստակավոր դերասանուհի Ժենյա Ներսիսյանին /Վ. Թեքեյանի «Խորհուրդ Վարդանանց», հատվածներ Հ. Պարոնյանիի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումից/: Ծրագրի երաժշտական մասն ապահովեցին սոպրանո Անայիս Հեղոյանը, դաշնակահարուհի Քրիստինա Առաքելյանը /Կոմիտաս` «Կռունկ»/, «Ախթամար» պարային համույթը: Հաջորդիվ, տպավորիչ ելույթով հանդես եկան Անուշ Գեղամյանը /Պ. Սեւակ` «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»/ եւ Ռոզեթ Ուզունյանը /Վ. Թեքեյան` «Հաշվեհարդար»:

Տոնական հանդիսությունն ավարտվեց վիճակախաղով:
Առանձնահատուկ շնորհակալություն ԼԹԽՄ, տիկ. Ռոզեթ Ուզունյանին, տիկ. Անուշ Գեղամյանին, տիկ. Դալիլա Հիթին, բոլոր նվիրատուներին, կազմակերպիչներին, որոնց ջանքերի եւ մեծ աջակցության շնորհիվ այս հիասքանչ երեկոն իրականություն դարձավ:

 

նախորդ էջ