(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Գրական երեկո Սեյրանուհի Գեղամյանի հետ

2016-06-22

 

Լոնդոնի սրտում՝ Քենզինգթոնում գտնվող Հայ տանը տեղի ունեցավ հանդիպում-երեկո գրող, հրապարակախոս, լրագրող, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանի հետ: Երեկոն կազմակերպել էր Լոնդոնի Թեքեյան հիմնադրամը և Թեքեյան մշակութային միությունը: 

Երեկոյի բանախոսն էր անգկլիաբնակ լրագրող Սեդա Անանյանը: Նա ներկայացրեց Ս.Գեղամյանի ստեղծագործական և բեղմնավոր աշխատանքային ուղին, նրա ձեռքբերումները, 15-ից ավելի հրատարակած գրքերը, թերթերում և ամսագրերում նրա գրած բազմաթիվ հոդվածները, հանդիպումներն ու հարցազրույցները մեծանուն մտավորականների, արվեստի ու մշակույթի գործիչների հետ և այլն:

Սեյրանուհի Գեղամյանի սփյուռքի և սփյուռքահայության հետ աշխատանքների ու աշխատությունների մասին խոսեց լոնդոնաբնակ գրող-հրապարակախոս Մանուել Ադամյանը: Նա կարևորեց Գեղամյանի Սփյուռքի կոմիտեում կատարած աշխատանքը դեռ խորհրդային ժամանակներից, նրա սերտ կապվածությունը սփյուռքի մտավորականության հետ, հատկապես գրողների շրջանակում և, իհարկե, նշեց Գեզամյանի կարևոր դերը մինչ այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Հատկանշական էր լոնդոնաբնակ դերասանուհի, վաստակաշատ Ժենյա Ներսիսյանի ներկայությունը երեկոյին: Նա կարդաց Սեյրանուհու հոդվածաշարից Ժան Տեր-Մերկերյանի, «Մեր ոգու և մտքի գանձատունը»՝ Մատենադարանի և Խաչատուր Աբովյանի մասին գրած հոդվածները:

Սեյրանուհու մանկապատանեկան ստողծագործությունների մասին խոսեց Լոնդոնի Թահտայան կիրակնօրյա դպրոցի տնորենուհի Ռուզաննա Թաթուլյանը: Նա կարդաց դպրոցական ծրագրում ընդրկված Գեղամյանի «Այդ զարմանալի հայը» հոդվածը: Ներկայումս հեղինակը աշխատում է «Զարմանալի հայեր» գրքաշարի վրա:

Ա. Այվազյանի «Քարավան» երգի կատարումով հանդես եկավ տենոր, Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի «Կոմիտաս» երգչախմբի ղեկավար՝ Սիփան Օլահը՝ Էլլա Բաբայանի նվագակցությամբ:

Սեյրանուհու լոնդոնաբանկ քույրը՝ բանասեր Թամար Մինասյանը, կարդաց Ալեք Մանուկյանի մասին և «Սիրեցեք միմյանց» 1988թ. երկրաշարժի մասին հոդվածները:

Երեկոյին ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը, Սեյրանուհի Գեղամյանի համակուրսեցի Հովիկ Թագակչյանը և այլոք:

Ողջ երեկոն ուղորդվում էր Ս.Գեղամյանի լուսանկարների սլայդ-ցուցադրումով, ինչպես նաև հոդվածներին համապատասխան նկարների շարքով:

Երեկոյին հաջորդեց հյուրասիրություն, որտեղ բրիտանահայերը մտերմիկ զրույց ունեցան տիկին Սեյրանուհու հետ, անդրադառնալով իրենց հուզող հարցերին և գրողի այսօրվա ծրագրերին ու աշխատանքներին: Ձեռնարկին ներկա էին հոգևորականներ, տարբեր մշակութային միությունների անդամներ:
                                                                                                                                            Սիփան Օլահ /Լոնդոն/

 

նախորդ էջ