(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Թեքեյան մշակութային միություն - 70» մշակութային ձեռնարկ

2017-11-17

 

Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի եւ ԹՄՄ նախաձեռնությամբ, մեծաշուք հանդիսությամբ նշվեց արեւմտահայ մեծն բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը կրող եւ սփյուռքում ամենախոշոր մշակութային կառույց հանդիսացող Թեքեյան մշակութային միության 70-ամյակը:

1947թ. Բեյրութում հիմնված Թեքեյան մշակութային միությունը մշակութային-կրթական կազմակերպություն է, որը նպատակ ունի պահպանելու հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, ստեղծելու դպրոցներ եւ ուսուցանելու հայոց լեզուն, պատմությունը, գրականությունը, կրոնը, երաժշտությունն ու արվեստը: ԹՄՄ մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում. Լոնդոնի մասնաճյուղը ստեղծվել է 1975թ.: Հավատարիմ մնալով իր առաքելությանը, Լոնդոնի ԹՄՄ իր քույր կազմակերպության՝ 1979թ. հիմնված Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է զանազան մշակութային ձեռնարկներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ եւ այլն: Երկու կազմակերպություններն էլ զբաղվում են դպրոցաշինությամբ, ինչպես նաեւ կրթական, մշակութային, մարզական, սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով աջակցում են կարիքավոր աշակերտությանը:

ԹՄՄ 70-ամյակին նվիրված ձեռնարկը կայացավ Լոնդոնում՝ «Քենզինգթն Յունայթիդ Ռիֆորմդ Չըրչում»՝ ներկայությամբ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ Արմեն Լիլոյանի, բազմաթիվ այլ պատվավոր հյուրերի՝ դեսպանատան ներկայացուցիչների, հոգեւորականների, հասարակական եւ մշակութային գործիչների, հայ համայնքի այլ ներկայացուցիչների:

Հանդիսությունը ընդգրկում էր ելույթներ, հյուրասիրություն, կենդանի երաժշտություն, երգ ու ասմունք:
Ելույթով հանդես եկավ Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը, խոսելով Թեքեյան մշակութային միության պատմության ու ազգային գաղափարախոսության մասին: Նա կարեւորեց ԹՄՄ գոյությունը սփյուռքի հայ համայնքներում եւ նրա բազմամյա գործունեությունը ի նպաստ հայ ինքնության, լեզվի, եկեղեցու եւ մշակույթի: Անդրադարձավ կազմակերպության հիմնական նպատակներին, որոնցից են նաեւ երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը, հայ համայնքների միջեւ ամուր կապերի պահպանումը: Շեշտեց նաեւ ԹՄՄ կողմից տրվող մրցանակների կարեւորությունը, այդ թվում «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակի, որն արդեն 51 տարի շարունակ շնորհվում է հայ գիր ու գրականության լավագույն մշակներին: Վ. Ուզունյանը հիշեցրեց նաեւ Լոնդոնի ԹՄՄ եւ Թեքեյան հիմնադրամի կողմից կազմակերպված մի քանի խոշոր մշակութային ձեռնարկների մասին՝ Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի, Հայաստանի պարի պետական համույթի, Հայաստանի պետական երգչախմբի համերգները ՄԲ-ում, ինչպես նաեւ մի շարք ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ եւ այլն:

Շնորհավորական խոսք ասաց նաեւ Լոնդոնի Թեքեյան մշակութային միության նախագահ Կարեն Արեւյանը, մասնավորապես հատկանշելով, որ կազմակերպությունը նպատակ ունի շարունակելու ԹՄՄ ավանդույթները, պահպանելու եւ տարածելու սփյուռքում ազգային մշակութային ժառանգությունն ու լեզուն: Նա նաեւ անդրադարձավ Լոնդոնի ԹՄՄ վերջին տարիների գործունեությանը, այդ թվում տարատեսակ մշակութային ձեռնարկների կազմակերպմանը ողջ Մեծ Բրիտանիայում:

Տոնական միջոցառումը շարունակվեց մշակութային ծրագրով: Ելույթներով հանդես եկան տաղանդաշատ մեցո-սոպրանո Անայիս Հեղոյանը /կատարեց Գ.Հենդելի “Xerxes”, “Ombra Mai Fu” եւ Հ. Ստեփանյանի «Հեյ, Արագած»/, ճանաչված ջութակահարուհի Անի Բատիկյանը /կատարեց Յ.Բրահմսի «Հունգարական պար N2», Ա. Խաչատրյանի «Նոկտյուրն» եւ Վ.Մոնտիի «Czardaz»/: Գուսան Ջիվանու «Ձախորդ օրերը» հնչեց Գրիգոր Նաջարյանի կատարմամբ: Ջութակահարուհի Անժել Նաջարյանը, կլարնետիստ Փոլ Էվերնդենը եւ դաշնակահար Թոմաս Էնգը կատարեցին Ա. Խաչատրյանի ստեղծագործություններից:

Երուսաղեմաբնակ ճանաչված հայ բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանն ասմունքեց Վահան Թեքեյանի «Եկեղեցին հայկական», «Հաշվեհարդար», «Անունդ» ստեղծագործությունները: Հաջորդիվ եղան Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի կատարումները ջութակի, դաշնամուրի եւ կլարնետի նվագակցությամբ: Դիրիժոր Գրիգոր Նաջարյանի գլխավորությամբ երգչախումբը կատարեց մասնավորապես մեծն Կոմիտասի ստեղծագործություններից: Հարկ է նշել, որ «Կոմիտաս»-ը, որը ստեղծվել է 2013թ., Մեծ Բրիտանիայում առաջին հայկական պրոֆեսիոնալ երգչախումն է. ունի 15 անդամ. երգացանկը բազմազան է. ընդգրկում է ազգագրական, դասական, հոգեւորական երհեր:

Հանդիսությունը եզրափակվեց Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի շնորհավորական խոսքով եւ օրհնանքով: Հոգեւորականը բարձր գնահատանքի արժանացրեց Լոնդոնի Թեքեյան մշակութային միության ազգանվեր գործունեությունը եւ կազմակերպությանը մաղթեց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ հայապահպանության դժվարին գործում:

 

նախորդ էջ