ԼԽԹՄ մասին
Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի /ԼԹԽՄ/ հոգաբարձուների ներկայիս խորհուրդ՝ Սիլվա Գրիգորյան /նախագահ/, Վարդան Ուզունյան /պատվավոր քարտուղար/, Թալին Ավագյան /Ուզունյան/, Գրիգոր Հարությունյան, Նար Խաչատուրյան, Ալան Քուչուկյան, Բերնարդ Նազարյան:
ԼԹԽՄ հիմնադրվել է 1979 թվականին Լոնդոնի Թեքեյան մշակութային միության /ԼԹՄՄ/ պատվավոր նախագահ Կարո Գրիգորյանի, վարչության անդամներ Վարդան Ուզունյանի, Կարո Արեւյանի, Թագվոր Պարզանքյանի եւ Դավիթ Մսրլյանի կողմից: Նպատակն էր՝ հետագայում Լոնդոնում հայկական մշակութային կենտրոն կառուցել՝ սատարելու Լոնդոնի ԹՄՄ գործունեությունը: Արտերկրում մի քանի ապարդյուն փորձերից հետո կենտրոն հաջողվեց հիմնել մայր հայրենիքում. այն հետագայում գրանցվեց որպես «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ:
Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի հովանու ներքո են գործում Լոնդոնի ԹՄՄ, Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախումբը եւ Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը: ԼԹԽՄ տարեկան դրամահավաքներ է կազմակերպում՝ օժանդակելու իր շահառուների ծրագրերին:
ԼԹԽՄ, նախաձեռնելով բազմաբնույթ մշակութային ձեռնարկներ, նպաստում է ազգային ինքնության եւ ժառանգության պահպանմանն ու տարածմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
ԼԹԽՄ հովանու ներքո են գործել Հայ երաժշտության ինստիտուտը, «Արաքս» ժողովրդական պարային համույթը, «Էրեբունի» երկշաբաթաթերթը, որը լույս է տեսել Լոնդոնում 15 տարուց ավելի:
ԼԹԽՄ եւ ԼԹՄՄ պատմության մեջ նշանավոր իրադարձություններից են հայ արվեստագետների ցուցահանդեսները, ինչպես նաեւ Հայաստանի պետական երգչախմբի, Հայաստանի ժողովրդական երգի եւ պարի պետական անսամբլի, Հայաստանի պարարվեստի պետական անսամբլի, Դրամատիկական թատրոնի, Նարեկ Դուրյանի թատերախմբի, Մոնրեալի «Հայ բեմ» թատրոնի, «Լեւոն Չիլինգարյան քառյակի», Մարսելի «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի եւ մշակութային այլ գործիչների հյուրախաղերը Մեծ Բրիտանիայում: Հարկ է նշել նաեւ Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված Կոմիտասի 145-ամյակին, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ձեռնարկը, Շուշիի ազատագրման եւ Հայոց Բանակի 25-ամյակի տոնակատարությունները, Թեքեյան մշակութային միության 70-ամյակին նվիրված ձեռնարկը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ձեռնարկը եւ այլն: Ձեռնարկներից ստացված հասույթը ծառայել է բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Խորին երախտագիտություն բոլոր նվիրատուներին: