Դպրոցների վերանորոգում
Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ուղիղ կապ կա դպրոցի շենքային պայմանների եւ աշակերտների առաջադիմության միջեւ: Ցուրտ եւ ոչ բարվոք դասասենյակներում երեխաները չեն կարող կենտրոնանալ եւ լավ սովորել: Ուստի ԹԿՀ «Դպրոցների վերանորոգում» ծրագրի նպատակն է ուսման համար նպաստավոր եւ հարմարավետ պայմաններ ստեղծել եւ ապահովել արժանավայել կրթություն երեխաների համար:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն ապավինում է նվիրատուների մեծահոգությանը եւ համագործակցությանը դպրոցների խնդիրների լուծման գործում:
Բարերարների աջակցության շնորհիվ ԹԿՀ հաջողվել է օժանդակել Երեւանի Վ.Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցին, որն արդեն ապահովված է գազամատակարարմամբ եւ ջեռուցման նոր համակարգով: Տեղադրվել են նաեւ նոր պատուհաններ, եւ վերանորոգվել է գրադարանը:
Սերտ համագործակցելով Մեծ Բրիտանիայի դեսպանության եւ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի հետ, ԹԿՀ իրականացրել է մի շարք ծրագրեր նաեւ Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցում, լուծելով նաեւ ջեռուցման խնդիրը:
Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաեւ Կարբի գյուղի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում /տանիք եւ դասասենյակներ/, Արցախում՝ Բերձորի Վ.Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում /2 դասասենյակ/:
Առայսօր «Դպրոցների վերանորոգում/կահավորում» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 40 միլիոն ՀՀ դրամ: