Անվճար դասագրքեր
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խիստ կարեւորում է կրթությունը որպես անհատի զարգացման, հաջողության եւ առաջընթացի հիմնական գրավական եւ համարում է այն յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի առաջնային ոլորտներից: Սակայն, ցավոք, նյութական խնդիրների պատճառով շատ երեխաներ զրկված են նվազագույն կրթական ծրագրից: 2010թ. սկսած բարերարների շնորհիվ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը եւ օժանդակում առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր:
Ծրագիրն իրականացվում է բացառապես նվիրատվությունների շնորհիվ, որոնք մասնավորապես ապահովվում են Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի կողմից Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում կազմակերպված դրամահավաքների միջոցով:
2010-2022թթ. ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 14,579,271 ՀՀ դրամ, ինչը հնարավորություն է տվել 2,178 շահառուի Հայաստանից եւ Արցախից անվճար ստանալ 29,531 դասագիրք, մեղմելով ընտանիքների նյութական հոգսը:
Հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում եւ ակնկալում է Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների տեւական համագործակցությունն ու օժանդակությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաեւ խորին երախտագիտություն հայտնում բոլոր նվիրատուներին հայ դպրոցի զարգացման եւ բարգավաճման հայրենանվեր գործին աջակցելու համար: