(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Ազգը՝ բանակ»․ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը

2025-02-11

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ բացվել է լրագրող, խմբագիր, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Ազգը`բանակ» խորագրով։ Ներկայացված են հեղինակի՝ երեք տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքներ, որոնցում պատկերված լուսանկարների շարքը սկսվում է դեռ Արցախյան շարժումից, անցնում պատերազմներով, հաղթանակով, ապա`մեր օրեր։ Մի առանձին շարք նվիրված է բանակի կազմավորմանը եւ մինչ օրս Հայոց բանակի կողքին կանգնած կամավորական ջոկատների ազատամարտիկներին, ժամկետային զինծառայողներին, մանկապատանեկան կառույցների ներկայացուցիչներին, մշակութային խմբերի անդամներին եւ այլոց։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մտավորականներ, հոգեւորկաններ, արվեստի ներկայացուցիչներ, Արմավիրի Տիգրան Մեծ-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի սաները եւ բազմաթիվ այլ հյուրեր։

Տեր Զենոն քահանա Բարսեղյանը փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը եւ իր աղոթքը Հայոց աշխարհի հայ զինվորին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, ներկայացնելով Զոհրաբ Ըռքոյանի բազմակողմանի գործունեությունն ու հետաքրքրությունները։ Նա նշեց նաև, որ նախկին ցուցահանդեսներում Զոհրաբը ներկայացել էր որպես հայոց դարավոր պատմության եւ հուշարձանների հմուտ գիտակ՝ դրանց բացահայտողներից եւ ներկայացնողներից մեկը։ «Այս ցուցահանդեսին նա ներկայանում է ազատամարտիկի, վավերագրող լուսանկարչի եւ դիմանկարչի կերպարով։ Այստեղ պատկերված են Արցախյան ազատամարտի տարբեր ժամանակներ եւ դրվագներ, առաջնագծի տարբեր տեղամասեր, եւ իհարկե, մարդիկ՝ զինվորական եւ քաղաղաքացիական բնակչություն, որոնց միավորել է հայրենիքի հանդեպ սերը, պարտքի զգացումը եւ ազգ-բանակի կենսական գաղափարը», - հավելեց Ա. Ծուլիկյանը։

Իր խոսքում, շնորհակալություն հայտնելով Թեքեյան կենտրոնին նման միջոցառումներ մշտապես աջակցելու համար, Զոհրաբ Ըռքոյանը նշեց, որ կենտրոնի հետ համագործակցությունը սկսել է դեռևս այն ժամանակներից, երբ Բերձորի հիամնական դպրոցը անվանակոչվեց ի պատիվ Վահան Թեքեյանի։

Միջոցառմանը ազգային ու հայրենասիրական երգ ու պարով հանդես եկան Երեւանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի սաները։

«Ազգը` բանակ» ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում կգործի մինչեւ ս.թ. փետրվարի 16-ը:

 

նախորդ էջ