(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Չարենց եւ Թեքեյան» խորագրով երաժշտական ձեռնարկ

2024-10-08

 

«Թեքեյան Կենտրոն» հիմադրամը կրկին անգամ պատիվ ունեցավ հյուրընկալելու ճանաչված երգահան Պերճ Թյուրաբյանին եւ երգչուհի Նաիրի Գասպարյանին, որոնք հանդես եկան «Չարենց եւ Թեքեյան» խորագրով երաժշտական ձեռնարկին: Երեկոն նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծների՝ Եղիշե Չարենցի եւ Վահան Թեքեյանի գրական ավանդի մեծարմանը։

Պոեզիայի եւ երաժշտության գեղեցիկ համադրությամբ ծրագրում հնչեցին Չարենցի եւ Թեքեյանի բանաստեղծությունները երգերում՝ Պերճ Թյուրաբյանի «Չարենց» եւ «Անունդ» ալբոմներից։

Մտերմիկ եւ հյուրընկալ միջավայրում Թյուրաբյանը կիսվեց անձնական պատմություններով, հուշերով եւ կենսագրական դրվագներով, որոնք ոգեշնչել են Չարենցի եւ Թեքեյանի բանաստեղծությունների երաժշտական մշակումների համար։

——————————————

Պերճ Թյուրաբյանը ծնվել է Եգիպտոսում 1950թ.: Նախնական կրթությունն ստացել է Կահիրեի Մխիթարյան վարժարանում, այնուհետեւ՝ սովորել է Ֆրանսիական քոլեջում: Վաղ հասակից անտարբեր չէր երաժշտության հանդեպ, երգում էր ոչ միայն ընտանեկան հավաքույթներին, այլեւ հայկական գաղութային ձեռնարկներին: 15 տարեկանում ներգաղթում է Հայաստան, ավարտում ԵՊՀ բանասիրական բաժինը, որտեղ հետագայում դասավանդում է ֆրանսերեն լեզու եւ գրականություն: Սկսում է իր երգերը ստեղծել եւ դառնում 1960-ականներին Հայաստանում սկիզբ առած հեղինակային երգի սակավ ներկայացուցիչներից մեկը: 1980-ականներին արտագաղթում է ԱՄՆ եւ Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում շարունակում է ուսումն ու աշխատանքը:

Հեղինակային համերգներ է ունեցել Երեւանում, Փարիզում, ԱՄՆ եւ Կանադայի մի շարք քաղաքներում։ Շառլ Ազնավուրի 85 եւ 95-ամայկների առթիվ Երեւանում լույս է տեսել «Ազնավուրը՝ հայերեն» երկու ձայներիզ, որոնց մեջ ընդգրկված են Շառլ Ազնավուրի երգերի հայերեն տարբերակները Պ.Թյուրաբյանի թարգմանությամբ եւ կատարմամբ։ Թարգմանել ու կատարել է նաեւ հայտնի ֆրանսիացի շանսոնյեների՝ Ժակ Բրելի, Լեո Ֆերեի, Ժորժ Բրասենսի երգերը։ Գիրք-ձայնապնակներից են՝ «Ինչ-որ տեղ եւ մի օր» (իր խոսքերով եւ երաժշտությամբ), «Չարենցը երգերում», «Հայերեն», «Անունդ» (Վահան Թեքեյանի բանաստեղծություններով), «Թռչնահոգի» (պոլսահայ բանաստեղծներ Զարեհ Խրախունու եւ Զահրատի խոսքերով):

 

նախորդ էջ