«Ադանայի ջարդերը (1909). զեկույցներ ԱՄՆ մամուլից» աշխատությունը «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանում
2024-04-22
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանը շարունակում է համալրվել նոր գրականությամբ։ Ավստրալահայ գիտահետազոտող, ցեղասպանագետ եւ պատմաբան Արա Քեթիպյանը հերթական անգամ գրադարանին նվիրաբերեց իր՝ վերջերս Երեւանում լույս տեսած «Ադանայի ջարդերը (1909). զեկույցներ ԱՄՆ մամուլից» (The Adana Massacres (1909). Reports from the U.S. Press) անգլալեզու գիրքը։
Սա հեղինակի տասնչորսերորդ աշխատանքն է ցեղասպանության թեմայով։ Այս հատորը ամերիկյան տարբեր թերթերի արխիվներից քաղված լուրերի եւ հոդվածների ժողովածու է. նյութերը վերաբերում են 1909 թվականին օսմանյան թուրքերի եւ քրդերի կողմից Ադանա գավառի եւ հարակից շրջանների քրիստոնյա բնակչության, հիմնականում հայերի դեմ իրականացված վայրագություններին:
Ժողովածուն անգնահատելի տեղեկատու աշխատանք է, քանի որ պատմում է 20-րդ դարի առաջին տասնամյակում Օսմանյան կայսրությունում տիրող անհանգիստ քաղաքական իրավիճակի, մասնավորապես 1909թ. ապրիլին հակահեղափոխության փորձի եւ Փոքր Ասիայի հարավ-արեւելյան նահանգներում տեղի ունեցած զանգվածային սպանությունների մասին:
Արա Քեթիպյանը հայտնի հետազոտող է, ով մասնագիտացած է միջազգային թերթերի արխիվների, մասնավորապես ամերիկյան մամուլի ուսումնասիրության մեջ։ Նա հիմնականում զբաղվում է պատմաբանների եւ ցեղասպանագետների համար հետաքրքրություն ներկայացնող թեմաներով, մասնավորապես օսմանյան, իսկ ավելի ուշ՝ թուրքական ազգայնական իշխանությունների կողմից իրականացված քրիստոնյա փոքրամասնությունների (հայերի, հույների եւ ասորիների) ցեղասպանության թեմայով:
Քեթիպյանի՝ արխիվային նյութերի ներկայացման ոճը առանձնահատուկ է նրանով, որ չի սահմանափակվում միայն նորությունների պարզ թվարկմամբ, այլ ներառում է ականատեսների պատմություններ, խմբագրական հոդվածներ, քաղաքական ակնարկներ, ընթերցողների կարծիքներ, ինչպես նաեւ այդ ժամանակաշրջանի թերթերում տպագրված համապատասխան դիվանագիտական եւ պետական նամակագրություններ, որոնք անմիջականորեն առնչվում են տվյալ հարցի էությանը: Նման հատուկ մոտեցումը ընթերցողին տալիս է ամբողջական պատկերացում քննարկվող թեմայի վերաբերյալ:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը իր սրտագին երախտագիտությունն է հայտնում Արա Քեթիպյանին՝ գիտահետազոտական հսկայածավալ աշխատանք հատարելու եւ ցեղասպանությունների ճանաչման գործում ցուցաբերած նվիրումի համար։
նախորդ էջ