(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Բարոնուհի Քերոլայն Քոքսի այցելությունը «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

2024-04-10

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը /ԹԿՀ/ պատիվ ունեցավ հյուրընկալելու Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ 2003թ. իր կողմից հիմնադրված HART /Humanitarian Aid Relief Trust/ հիմնադրամի տնօրինությանը: Վերջին շրջանում ԹԿՀ եւ HART-ը համագործակցում են՝ իրականացնելով մարդասիրական ծրագրեր տեղահանված արցախցիների համար:

Հանդիպումը մեկնարկեց Թեքեյան կենտրոնում օրերս բացված Հադրութի ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքների եւ լրագրող, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի Արցախի պատմամշակութային հուշարձանների լուսանկարների՝ «Արցախն ապրում է» խորագրով համատեղ ցուցահանդեսի շրջայցով: Սա բարոնուհու երկրորդ այցելությունն էր Թեքեյան կենտրոն, իսկ առաջինը եղել էր 1999թ.՝ Թեքեյան կենտրոնում բրիտանական թագավորական գանձերի ցուցադրության ժամանակ։

Հանդիպմանը ներկա էին նաեւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Բագրատ Նազարյանը եւ Ռուբեն Միրզախանյանը, լոնդոնահայ բարերար Թոնի Քահվեն, «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներ» հիմնադրամի հիմնադիր նախագահ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հիմնադիր տնօրեն Վարդան Թադեւոսյանը:

Ներկայացվեց ԹԿՀ գործունեությունը կրթության, մշակութային, սոցիալական ոլորտներում, քննարկվեցին Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու ծրագրեր: Անդրադարձ կատարվեց HART-ի կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին: Մասնակիցները տեսակետներ փոխանակեցին նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում առկա անվտանգային եւ հումանիտար իրավիճակի վերաբերյալ եւ երախտիքի խոսք հայտնեցին բարոնուհի Քոքսին Արցախին մշտապես սատարելու համար:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը եւ հոգաբարձու Բագրատ Նազարյանը հայ ժողովրդի մեծ բարեկամ Քերոլայն Քոքսին հանձնեցին կենտոնի հուշամեդալն ու պատվոգիրը՝ ի գնահատումն Հայաստանին եւ Արցախին մատուցած իր երկարամյա գովարժան ծառայությունների։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը բարոնուհի Քերոլայն Քոքսին հանձնեց ՀԹՄՄ պատվո-հուշատախտակ՝ հայ ժողովրդի հարգարժան եւ անսասան աջակցին՝ խորին երախտագիտությամբ եւ հիացմունքով։

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Քերոլայն Քոքսը նշեց, - «Աշխարհը պետք է երախտապարտ լինի հայ ժողովրդին, որը կանգնած է ազատության, քաղաքակրթության եւ քրիստոնեության պահպանման առաջնագծում:

 

նախորդ էջ