Բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի «Արարման խորհուրդը» ցուցահանդեսը
2023-09-21
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի «Արարման խորհուրդը» խորագրով անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Ներկայացված ջրաներկ եւ յուղաներկ աշխատանքները՝ դիմանկարները, նատյուրմորտները, բնանկարները, արտացոլում են ժամանակակից հայ կերպարվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի 50-ամյա գործունեության տարբեր փուլերը։ Աշխատանքների թեմատիկան զանազան է. ընդգրկում է հեգեւոր եւ աստվածաշնչյան տեսարաններից, հայկական գորգապատումից մինչեւ վարպետի ծննդավայր Գյումրիի պատկերները։
Ցուցահանդեսի բացումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելու Արցախում վերջին օրերին զոհված մեր հայրենակիցների հիշատակը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, շնորհավորելով հեղինակին այս ցուցահադեսի եւ իր հոբելյանի կապակությամբ։
ԵՊՀ դոցենտ, գեղագետ-գծանկարիչ Լևոն Լաճիկյանը նշեց. «Չգիտեմ՝ քանի տասնամյակ ենք մենք խաղաղություն վայելել... ստացվում է, որ սա է հայի խաչը, թշնամին եկել է ու կեղեքել, վնասել, մենք դրան հակադրել ենք գեղեցիկը, արարումը: Մշակույթը եղել եւ լինում է մեր գոյության խարիսխը, այն ոլորտը, որտեղ մենք իրոք անպարտելի ենք»:
Թնդանոթների կրակոցներին զուգահեռ չպե՛տք է լռեն մուսաները: Դրանք անհրաժեշտ են բոլորիս հույսն ու հոգու հավասարակշռությունը պահպանելու համար:
Ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 10-ը։
նախորդ էջ