(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Համազգայինը 95 տարեկան է

2023-09-15

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը ջերմ շնորհավորանքներ է հղում Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 95-ամյակի կապակցությամբ:

Տասնամյակներ շարունակ Համազգայինը յուրատեսակ կամուրջ է հանդիսանում Մայր Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ:

Անգնահատելի են կառույցի ջանքերը՝ ի նպաստ հայ ինքնության, Հայոց լեզվի, կրթության, մշակույթի եւ կրոնի պահպանման, ինչպես նաեւ ազգային ոգով սերունդներ կրթելու հարցում:

Ի խորոց սրտի շնորհավորում ենք Համազգայինի բոլոր նվիրյալներին այս հիշարժան առիթով եւ մաղթում բազում հաջողություններ, ուժ ու եռանդ` ի բարօրություն աշխարհասփյուռ հայ ժողովրդի եւ մեր Հայրենիքի կայուն վերելքի:

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - 

Համազգայինի Ամփոփ Պատմութիւն

1920ական թուականները կը զուգադիպին Հայ ժողովուրդի պատմութեան հոլովոյթի քաղաքական ու մշակութային նշանակալից վերիվայրումներուն:

1915-1923 թուականներուն Օսմանեան ու Թրքական իշխանութիւններու գործադրած հայոց ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ 1920ին Հայաստանի Ա Հանրապետութեան անկումն ու անոր յաջորդող Խորհրդային իշխանութիւններու հալածանքները պատճառ դարձան հսկայական ալեկոծումներու: Վերապրողները ցրուեցան աշխարհի չորս կողմերը: Միջին Արեւելքի երկիրները հանդիսացան գլխաւոր ապաստաններ:

Այսպիսի նշանակալից պահու մը՝ 1928 թուականի Մայիս 28ին՝ ինը մտաւորականներէ բաղկացած խումբ մը, որոնց մէջ կը գտնուէին գրող եւ մանկավարժ՝ Լեւոն Շանթ, պատմաբան ու քննադատ՝ Նիկոլ Աղբալեան, Հայաստանի Ա Հանրապետութեան վարչապետ՝ Համօ Օհանջանեան, ինչպէս նաեւ բեմադրիչ ու արուեստի քննադատ՝ Գասպար Իփէկեան՝ Գահիրէի մէջ կը հիմնեն «Համազգային Հրատարակչական ու Մշակութային Ընկերակցութիւնը»:

Համազգայինի նպատակն է նոր սերունդին ընդհանուր կրթութեան կողքին ջամբել հայեցի դաստիարակութիւն, փորձելով պահպանել ազգային գիտակցութիւնն ու մշակութային աւանդութիւնները հայրենիքէն դուրս ապրող ժողովուրդի մնացորդացին մօտ:

Համազգայինի մասնաճիւղեր կը բացուին յաջորդաբար Միջին Արեւելքի բոլոր գաղութներուն մէջ, ինչպէս նաեւ Եւրոպա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Գանատա, Հարաւային Ամերիկա, Աւստրալիա: Վերանկախացումէն ետք Համազգայինը օժտուեցաւ Հայաստանի մէջ հաստատուած գրասենեակով:

Համազգայինը իրագործած է երկրորդական ու բարձրագոյն ուսման հիմնարկներու շարք մը, որոնցմէ ընթացաւարտ եղած են գրողներ, բանասէրներ, քաղաքական եւ ազգային գործիչներ: Ան նաեւ ծաւալած է հսկայական հրատարակչական գործունէութիւն, եւ անցնող 70 տարիներու ընթացքին, ներառեալ 30 տարի Միացեալ Նահանգներուն մէջ, Համազգայինը սատարած է մշակութային յառաջխաղացքին:

Համազգայինը ոչ-հասութաբեր կազմակերպութիւն է ու ներկայիս կը գործէ «Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւն» պաշտօնական անունին տակ:

 

նախորդ էջ