ԹԿՀ գրադարանը շարունակում է համալրվել
2023-06-30
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանը շարունակում է ակտիվորեն համալրվել նոր գրականությամբ։ Վերջերս Թեքեյան մշակութային միության կողմից ստացվել են հիսունից ավելի գրքեր, որոնց հիմնական ուղղվածություններն են՝ արվեստ, պատմություն, ականավոր քաղաքական եւ մշակութային գործիչների կենսագրականներ, սփյուռքահայ գրականություն եւ այլն։ Համագործակցությունը պարբերական դառնալու միտում ունի, սպասվում է համալրում ամեն եռամսյակը մեկ։
Գրադարանի եւս մեկ բարեկամ՝ «Մուղնի» հրատարակչությունը, տնօրեն Ռուզան Պետրոսյանի գլխավորությամբ նվիրաբերել է հրատարակչության կողմից 2001 թ-ից մինչ օրս լույս տեսնող գրքերի հիսունից ավելի օրինակներ։
Գրքերն աչքի են ընկնում իրենց տպագրական գրագիտությամբ, գեղարվեստական ձեւավորմամբ եւ հեղինակների զանազանությամբ: Նվիրաբերված գրքերի թեման հիմնականում հայ մշակույթն ու պատմությունն է։
Առանձնահատուկ ուշադրության կարելի է արժանացնել հատկապես հայկական ճարտարապետությանը նվիրված շարքին, որն ընդգրկում է Էմմա Հարությունյանի «Հայ ճարտարապետության մնայուն ձեռագիրը», Վարուժան Ագշեհիրլյանի «Հայ-իտալական ճարտարապետական առնչություններ» եւ նույն գրքի անգլերեն տարբերակը։ Առկա է նաեւ տվյալ հեղինակի «Հայկական ճարտարապետութեան ազդեցութիւնների բացայայտումները Եւրոպայի միջնադարի քրիստոնէական կառոյցներում» երկհատորյա աշխատությունը։ Գրքերը կարող են հետաքրիր լինել ոչ միայն ճարտարապետների, այլեւ ընթերցողների լայն շրջանակների համար։
Գերակշռող մաս է կազմում պատմական գրականությունը՝ «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության» մատենաշարի ԺԳ–ԺԶ հատորները, Արման Նավասարդյանի «Դիվանագիտություն», Կարեն Մաթեւոսյան «Պատմահնագիտական դիտարկումներ» եւ այլն։
«Արեւելք-Արեւմուտք» մատենաշարով ներկայացված են Հ.Թումանյանի թանգարանում պահվող արխիվային նյութերի հիման վրա կազմված հետեւյալ գրքերը՝ «Թումանյանի զավակները։ Աշխեն, հուշեր եւ ընտանեկան պատմություններ», «Արտավազդ Թումանյան։ Նամականի», «Արտավազդ Թումանյան։ Ստեղծագործություններ» եւ «Մուշեղ Թումանյանը եւ իր ընտանիքը»։
Ուշագրավ է «Ես մեղադրում եմ։ Գործ №... 1.500000» փաստաթղթերի ժողովածուն, որտեղ ներկայացված են Օսմանյան Թուրքիայի հայաջինջ քաղաքականության արդյունքում հայ ժողովրդի կրած կորուստների չափերը։
Նվիրաբերված հավաքածուն ընդգրկում է նաեւ «Սիլվա Կապուտիկյանը մեր հուշերում եւ խոհերում», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Ա. Ցիցիկյանի «Հայկական աղեղնային արվեստը» եւ բազում այլ հիանալի աշխատություններ։
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր նվիրատուներին «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանն արժեքավոր գրքերով հարստացնելու համար: