(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Արա Քեթիպյանի «Ցեղասպանության որբերը» աշխատությունը հարստացրեց «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանը

2023-06-15

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հյուրընկալեց ավստրալահայ գիտահետազոտող, ցեղասպանագետ եւ պատմաբան Արա Քեթիպյանին։ Հեղինակը ներկայացրեց եւ «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանին նվիրաբերեց իր 2023 թվականին Երեւանում հրատարակված «Ցեղասպանության որբերը» («Orphans of Genocide») 1228 էջանոց անգլալեզու գիրքը։

Սա հեղինակի տասնմեկերորդ աշխատանքն է ցեղասպանության թեմայով։ Այս հատորը 1894-1930 թվականների ամերիկյան թերթերի արխիվներից քաղված լուրերի եւ հոդվածների ժողովածու է։ Գրքում տեղ գտած արձանագրությունները վերաբերում են 1894-1914 թվականներին օսմանյան իշխանությունների կողմից Փոքր Ասիայի հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի հետեւանքով որբացած հայ մանուկներին, ինչպես նաեւ այս իրադարձություններին հաջորդած 1915-1923 թթ. հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությանը։

Սույն գրքում ընդգրկվել են 1890-1922 թթ. ամերիկյան մամուլի, ներառյալ առաջատար օրաթերթերի (The New York Times, The Boston Globe, The Christian Science Monitor, The Washington Post, The Los Angeles Times, The Chicago Tribune) արձագանքները եւ փաստագրած մանրամասները Օսմանյան Թուրքիայում իրականացվող հայերի ցեղասպանության մասին։

Աշխատությունը լույս է սփռում ջարդերին հաջորդած տարիներին այս երիտասարդ զոհերի կրած տառապանքների վրա: Այն վառ կերպով ցույց է տալիս աներեւակայելի դժվարությունները եւ մարտահրավերները, որոնց բախվել են երեխանները՝ փորձելով վերակառուցել իրենց կորուսյալ կյանքը: Ավելին, գիրքը ընդգծում է նաեւ ամերիկյան հանրության, բարեգործական եւ մարդասիրական կազմակերպությունների միասնականությունը որբերին մոտալուտ մահից փրկելու հարցում:

Այս ժողովածուն անփոխարինելի տեղեկատու աշխատանք է ցեղասպանության որբերի ճակատագիրը բացահայտելու համար։ Գիրքը նաեւ փաստագրական հիմք է հանդիսանում, որով կարելի է հակազդել ժամանակակից թուրքական պետական ժխտողական քաղաքականությանը:

«Ցեղասպանության որբեր» աշխատությունը, անկասկած, հնարավորություն կտա հետազոտողներին, ուսանողներին, լրագրողներին եւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են պատմական իրադարձությունների հանգամանալից ուսումնասիրությամբ, խորանալու պատմության այսքան կարեւոր ժամանակաշրջանի էջերում։

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը իր սրտագին երախտագիտությունն է հայտնում Արա Քեթիպյանին՝ ցեղասպանության զոհերի հիշատակը պահպանելու գործում ցուցաբերած նվիրումի համար։ Իր աշխատանքով հեղինակը վստահեցնում է, որ որբացած երեխաների պատմությունները, պայքարը եւ նրանց փրկելուն ուղղված ջանքերը երբեք չեն մոռացվի:

 

նախորդ էջ