Թեքեյան Կենտրոնում բացվել է «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանը
2023-05-05
Թեքեյան Կենտրոնում տեղի ունեցավ «Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» նոր գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը։
Գրադարանը կրում է գրող, հասարակական, քաղաքական գործիչ, ազգային բարերար, ՀԲԸՄ կենտրոնական վարչության ղեկավար անդամ, «Թեքեյան» մշակութային միության հիմնադիր մարմնի անդամ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Ալեք Մանուկեան» գրական մրցանակակիր Հայկաշեն Ուզունյանի անունը։ Նորաբաց գրադարանի ֆոնդի հիմքն է հանդիսանում նվիրյալ հայորդու մահից հետո՝ Կիպրոսից Երեւան տեղափոխված իր անձնական գրադարանը, որն ընդգրկում է մասնավորապես սփյուռքահայ հեղինակների աշխատություններ, հազվագյուտ գրքեր՝ հեղինակների ընծայագրերով:
Գրադարանի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին հյուրեր Անգլիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Շվեցարիայից, Լիբանանից, Հայաստանից. կարմիր ժապավենը կտրեցին Հայկաշեն Ուզունյանի դուստր Թալին Ավագյան-Ուզունյանը եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արմեն Ծուլիկյանը՝ կարեւորելով գրադարանի հիմնումը Թեքեյան Կենտրոնում, ինչը նոր, սակայն շատ կարեւոր եւ ազգօգոտ ոլորտ է հանդիսանում հիմնադրամի գործունեության եւ պատմության մեջ:
«Թեքեյան» մշակութային միության նախագահ, պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանը, ներկայացնելով Հայկաշեն Ուզունյանի կյանքն ու ազգանվեր գործունեությունը, անդրադարձ կատարեց Հայկաշեն Ուզունյանի ջանքերին՝ ուղղված Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության փակման դեմ:
Իր խոսքում Թալին Ավագյան-Ուզունյանը, նշեց, որ Թեքեյան Կենտրոնում գրադարան ստեղծելու գաղափարը ծագեց հիմնադրամի ազգային ինքնության եւ ժառանգության պահպանմանն ու տարածմանն ուղղված առաքելության շնորհիվ:
Ձեռնարկին մեծարման եւ երախտիքի խոսքեր հնչեցին երջանկահիշատակ Հայկաշեն Ուզունյանին: Եղան նաեւ համագործակցության առաջարկներ, այդ թվում Ռուբեն Միրզախանյանը ԹՄՄ-ի անունից պատրաստակամություն հայտնեց յուրաքանչյուր եռամսյակ նոր գրքերով համալրել գրադարանը։ «Մուղնի» հրատարակչության տնօրեն Ռուզան Պետրոսյանն էլ իր հերթին ցանկություն հայտնեց նվիրաբերել գրադարանին 2001 թ․-ից մինչ օրս հրատարակչության կողմից լույս տեսնող բոլոր գրքերի օրինակները։
«Հայկաշեն եւ Մարի Ուզունյան» գրադարանում կատարվող աշխատանքների եւ գործառույթների համառոտ ամփոփագիրը ներկայացրեց գրադարանի աշխատակցուհի Նարինե Խաչատուրյանը, մասնավորապես նշելով, որ գարադարանը շարունակում է ակտիվորեն համալրվել եւ հավակնում է դառնալ սփյուռքահայ գրականության համահավաք կենտրոն՝ հանրապետական մակարդակով: «Դառնալով մշակութային եւ գիտակրթական հաստատություն, գրադարանը կարող է ծառայել ուսանողների, գիտնականների, մշակութաբանների, գրողների, լրագրողների եւ պարզապես շարքային ընթերցասերների ակադեմիական պահանջները բավարարելուն», - ընդգծեց Նարինե Խաչատուրյանը։
նախորդ էջ