Բացվել է Զոհրաբ Ըռքոյանի «Հնադարյան Արցախ» խորագրով ցուցահանդեսը
2023-04-17
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոնում բացվել է լրագրող, խմբագիր, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Հնադարյան Արցախ» խորագրով։ Ներկայացված է հեղինակի տարբեր տարիների շուրջ ութսուն աշխատանք, որոնցում պատկերված է գրեթե ողջ Արցախի հուշարձանային ժառանգությունը՝ վանքեր, ամրոցներ, խաչքարեր...
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մտավորականներ, հոգեւորկաններ, արվեսի ներկայացուցիչներ եւ բազմաթիվ այլ հյուրեր։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, նշելով, որ ցուցահանդեսը ավելին է քան պարզապես մշակութային ձեռնակ, քանզի թեման ինքնին ընդգծում է նրա պատմական, հայրենասիրական, հոգեւոր կարեւորությունը։
«Այս ցուցադրության մեջ ուղերձ կա՝ սա մեր ժառանգությունն է, որ ստացել ենք մեր նախնիներից եւ պարտավոր ենք այն փոխանցել մեր ժառանգներին։ Ղողանջը, որ հնչում է բոլոր լուսանկարներից, պարտավորեցնող է, ղողանջ է զգոնության եւ սթափության։ Մենք պարտավոր ենք վերադառնալ եւ տեր կանգնել մեր ժառանգությանը», - հավելեց Ա.Ծուլիկյանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն իր օրհնանքի խոսքն ուղղեց հայրենանվեր միջոցառմանը։
Հեղինակը, ներկայացնելով իր աշխատանքները, նշեց, որ լուսանկարները պատմում են բազմադարյա Արցախի՝ հայոց պատմության ակունքներից եկող այն հիմնական հուշարձանների մասին /Ամարաս, Ծիծեռնավանք, Դադիվանք.../, որոնց գրեթե 90% այսօր գտնվում է գերության մեջ։
Միջոցառուման ընթացքում հանդես եկավ երգահան, երգիչ Արսեն Համբարյանը՝ ռազմահայրենասիրական երգերով, ինչպես նաեւ «Բեկոր» համույթը՝ ազգագրական պարերով։
Թեքեյան կենտրոնում «Հնադարյան Արցախ» ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. մայիսի 5-ը:
Զոհրաբ Ըռքոյան
2010թ-ից Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է: 1989-1994թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանական-ազատագրական մարտերին, նաեւ հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով։ Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով եւ պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» մեդալով, «Հատուկ գնդի» պատվոգրով, ԱՀ վարչապետի «Հուշամեդալ»-ով։ 2022թ.մայիսին ԱՀ լրագրողների օրվա առթիվ ԱՀ նախագահի կողմից արժանացել է «Երախտագիտություն» մեդալի։
նախորդ էջ