«Hayrazmik.com»-ը լուսաբանում է...
2023-01-29
Հայ ռազմիկի գաղափարաբարոյական արժեքներն ու հայ մշակույթի հետ նրանց ունեցած հուժկու փոխազդեցությունները հին ժամանակներից մինչև մեր օրերը թեման լուսաբանվելու է նոր հարթակում։
«Hayrazmik.com» նորաբաց կայքի հեղինակները հոգ են տարել, որպեսզի ժամանակակից ընթերցողը ոչ միայն խորությամբ ծանոթանա հազարամյակներ ձգվող իր հարուստ պատմությանը, գրականությանը, վարքականոնին, էպոսին և երաժշտությանը, այլև կարողանա այդ գիտելիքներն այսօր կիրառել բանակաշինության, պետականաշինության մեջ, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Հայկական բանակի տարեդարձի այս խորհրդանշական օրը՝ հունվարի 28-ին, «Թեքեյան կենտրոնում» տեղի ունեցավ կայքի շնորհանդեսը: Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան, «Hayrazmik.com»-ի ծրագրի ղեկավար Արմեն Այվազյանը իր ելույթում ցավով նկատեց, որ այսօր հնուց մեզ հասած ահռելի նյութերը զարմանալիորեն ժողովրդին քիչ են ծանոթ: Պատմաբանի կարծիքով` պատճառը օտար տիրապետության տակ գտնվելն է եղել, և որքան էլ հաջողվել է եկեղեցու, գրականության միջոցով ավանդույթները փոխանցել սերունդներին, այնուամենայնիվ, պետությունը իր կառույցների, լծակների միջոցով չի կարգավորել ու դասակարգել ահռելի գաղափարաբարոյական նյութը:
«Մեր սերունդները լավ ծանոթ չեն, թե ինչ ունենք, ինչ է մեր մեջ արդեն իսկ առկա, և ինչպես դա կարելի է կիրառել մեր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ սկսած լեզվական քաղաքականությունից, վերջացրած` նույնիսկ տերմինաբանական հարցերով: Կայքը հատկապես ներկայացնելու է արժեհամակարգային խնդիրները»,-նշեց նա:
«Վարքականոն», «Պատմավեպ», «Պոեզիա», «Գեղանկարներ», «Հուշարձաններ», «Էպոս», «Երաժշտություն», «Ռազմական գրականություն» և այլ բաժիններով է հարուստ կայքը, որոնցից յուրաքանչյուրը պատահական չեն ընտրված՝ հայ ռազմիկների՝ հանուն Հայաստանի անկախության կամ ազատագրության մղած զինյալ պայքարի հսկայածավալ պատմությունն ազդել է հայկական մշակույթի գրեթե բոլոր ոլորտների, հատկապես՝ պատմագրության, գրականության, պոեզիայի, երաժշտության, բանահյուսության, կերպարվեստի, պարարվեստի և ճարտարապետության վրա։
Արմեն Այվազյանը, խոսելով կայքի ստեղծման գաղափարի և նշանակության մասին, համոզմունք հայտնեց, որ հայկական ազգային հոգեկերտվածքը մեծապես անթափանց կմնա, եթե ուսումնասիրվի առանց` դարերով գոյատևած հայկական զինվորական բարոյաբանությունը հաշվի առնելու:
Միջոցառման ավարտին հնչեցին ռազմահայրենասիրական երգեր և բանաստեղծություններ Արսեն Համբարյանի, Ռուբեն Թարումյանի և մի խումբ ուսանողների կատարմամբ։
Աղբյուր՝ lurer.com
նախորդ էջ