«Իմ ժամանակի մեծերը». ցուցահանդես Թեքեյան կենտրոնում
2022-12-13
Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի՝ «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրությունը։ Այն կազմակերպվել էր Անատոլի Ավետյանի հոբելյանի՝ 70-ամյակի շրջանակներում՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, արվեստասեր հանրություն։
Ներկայացված է 30 աշխատանք, որոնք հեղինակի 2022 թվականի ստեղծագործություններն են։ Դիմանկարների շարքում ներկայացվում են նկարչի ժամանակակիցները, երևելի հայեր, որոնցից մի քանիսի հետ Անատոլի Ավետյանը հանդիպել է իր կյանքի տարբեր փուլերում։ Սա բացառիկ ցուցադրություն է և արվեստասեր հանրությանն է ներկայացվում առաջին անգամ։
Ցուցադրված են Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Շառլ Ազնավուրի Հարություն Կալենցի, Առնո Բաբաջանյանի, Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Փարաջանովի, Տիգրան Պետրոսյանի, Պարույր Սևակի, Վազգեն Առաջինի, Սերգեյ Դովլաթովի, Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Բաղրամյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց դիմանկարները։ Հեղինակը վստահեցնում է՝ ծնվել է մի ժամանակաշրջանում, երբ ներկայացված մեծանուն հայերը մեծ ճանաչում ունեին ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դորս՝ ամենատարբեր ոլորտներում։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց նկարչի՝ մշտապես հետաքրքրություն առաջացնող ցուցադրությունները և հավելեց, որ նրա արվեստը վաղուց հայտնի է մշակութասեր հանրությանը ինչպես թանգարաններում մշտական ցուցադրությամբ, այնպես էլ մասնավոր հավաքածուներում։ «Այս ցուցադրությունն առանձնանում է հատկապես իր կրթական նշանակությամբ․ ներկայացված են 20-րդ դարի այն մեծերը, որոնք նշանավորում են հայի մեծությունը տարբեր ասպարեզներում»,- նշեց Ռուբեն Միրզախանյանն ու շնորհավորեց անհատական ցուցահանդեսի բացման առթիվ։
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ևս շնորհավորեց նկարչին հերթական հետաքրքիր ցուցադրության բացման առթիվ և վստահեցրեց՝ հաճելիորեն զարմացած և հիացած է Անատոլի Ավետյանի աշխատասիրությամբ։
Նշենք, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 16-ը։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության
լրատվական կենտրոն
նախորդ էջ