Կիպրոսում կայացավ ԹԿՀ ընդհանուր տարեկան ժողովը
2022-11-25
Կիպրոսում կայացավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին ԹԿՀ հոգաբարձուներ Անգլիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Կիպրոսից, Լիբանանից եւ Հայաստանից: Համաձայն օրակարգի, ամփոփվեց ԹԿՀ հիմնադրամի 2021թ. գործունեությունը, որի վերաբերյալ հաշվետվություն ներկայացրին նախագահ Վարդան Ուզունյանը եւ տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Մշակվեց ԹԿ հիմնադրամի առաջիկա երեք տարիների քաղաքականությունը: Քննարկվեցին հետագա անելիքները, որոնց թվում են կրթական, մշակութային, սոցիալական եւ զարգացման ծրագրեր՝ մասնավորապես ընգրկելով արցախցի ընտանիքների: |
Ներկայացվեցին առաջարկներ եւ որոշումներ կայացվեցին հիմնադրամի միջոցներն ավելացնելու եւ ծրագրերն ընդլայնելու վերաբերյալ: Ժողովը քննարկեց նաեւ մի շարք ֆինանսական, իրավական եւ այլ ընթացիկ հարցեր եւ իր գոhունակությունը հայտնեց հիմնադրամի նախագահին եւ տնօրենին կատարած աշխատանքների համար:
Ժողովի որոշմամբ՝ Սփյուռքում եւ Հայրենիքում ճանաչված բարերար, Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանին եւ Կոմիտաս մեդալին արժանացած, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հիմնադիր անդամ եւ հոգաբարձուների խորհրդի երկարամյա նախագահ Վարդան Ուզունյանին շնորհվեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի Պատվավոր ցմահ նախագահի տիտղոսը՝ ի արժեւորումն իր բազմամյա ազգանվեր գործունեության ու մեծ վաստակի:
Ժողովի մեկ այլ որոշմամբ՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի գործող նախագահ ընտրվեց սփյուռքի ճանաչված գործարար, բարերար, ընտանեկան ավանդույթների շարունակող եւ գործի նվիրյալ Շահե Ուզունյանը:
Նշենք նաեւ, որ նախորդ օրը կայացել էր նաեւ ԹԿՀ հիմնադիր անդամ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի տարեկան ընդհանուր ժողովը:
նախորդ էջ