(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Վ.Դավթյանի «Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» եռահատոր հրատակության առաջին գրքի շնորհանդեսը

2022-05-07


Օրերս Երևանի «Թեքեյան կենտրոն»-ում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանի կողմից կազմված «Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» եռահատոր հրատակության առաջին գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ՝ առաջին անգամ Հայաստանում և Սփյուռքում ներկայացնելով հանճարեղ գրողի 1901-1910թթ գրած, արևմտահայ և արտասահմանյան մամուլի տարբեր էջերում տպագրած հոդվածները: Կազմող հեղինակը մեծ ջանադրությամբ, գիտական բարձր մակարդակով հավաքել և ժամանակագրական կարգով ներկայացրել է «ոսկու ձուլակտորների պես մամուլում սփռված» հոդվածները:

Բացման խոսքով հանդես եկավ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հեղինակին գրքի հրատարակության առիթով՝ նա ուրախությամբ նկատեց, որ հատորի լույսընծայումը մշակութասեր հայության կողմից սպասված ինքնատիպ և բացառիկ աշխատանք է: Ճիշտ է, ըստ նրա, Վահան Թեքեյանին Հայաստանում նոր-նոր են խորությամբ սկսում ճանաչել, սակայն Սփյուռքում նա վաղուց է գնահատված ու սիրված: Լինելով արևմտահայ վերջին և սփյուռքահայ առաջին պոետը՝ նա միաժամանակ ծավալել է հասարակական մեծ գործունեություն: Ժողովածուում ընդգրկված հոդվածների շնորհիվ ընթերցողն առավել մանրամասն կծանոթանա կարողագույն հրապարակագրի ազգային, մշակութային և հասարակական գործունեությանը:

Ապա տպավորիչ ելույթով հանդես եկավ գրքի հեղինակը՝ ներկայացնելով հանճարեղ գրողի հրապարակագրության առանձնահատկությունները:

Գրքի վերաբերյալ ծավալուն և ուշագրավ վերլուծությամբ հանդես եկավ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Մկրտչյանը: Նա, բարձր գնահատելով Վ. Դավթյանի կատարած աշխատանքը, մասնավոր ուշադրություն դարձրեց առաջաբանին՝ «Հազարներու մէջէն մէկը» վերնագրով, Ծանոթագրություններին՝ մանրակրկիտ աշխատված, Անձնանունների և Տեղանունների ցանկին՝ կազմված գիտական բարձր մակարդակով, ինչը միաժամանակ երևան էր հանում կազմողի հարուստ գիտելիքները խնդրո առարկա նյութի վերաբերյալ: Ըստ բանախոսի, գիրքը հարուստ նյութ կհաղորդի ընթերցողին՝ հասկանալու ժամանակաշրջանն ու միջավայրը:

Ուշագրավ էր բանախոս ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Մարկոսյանի ելույթը: Բարձր գնահատելով հեղինակի աշխատանքը՝ նա կարևորեց հոդվածների բազմաթեմայնությունը՝ գրականություն, քաղաքականություն, կրոն, մշակույթ, որբահավաքություն, կրթություն, լրագրություն, գրատպություն և այլն, որոնք կարող են տալ ուսումնասիրության անսպառ նյութ:

Բանախոս Երևանի Հյուսիսային համալսարանի Բանասիրության և մանակավարժության ֆակուլտետի դեկան Մերի Այվազյանն էլ իր խոսքում նկատեց, որ Վ. Թեքեյանի հոդվածները ճանաչողության լայն հնարավորություն են տալիս. ընթերցողը կարող է անսպառ նյութ հավաքել մշակութային, քաղաքական, հոգևոր հայ և օտար գործիչների վերաբերյալ՝ ծանոթանալով նրանց կյանքի և գործունեության մանրամասներին, որոնց վերաբերյալ հանրամատչելի տեղեկությունները այլ աղբյուրներում կա՛մ քիչ են, կա՛մ բացակայում են:

Շնորհանդեսի գեղարվեստական մասում հնչեցին Կոմիտասի անզուգական մշակումները ջութակահար Գրիգոր Գուլխանջյանի հրաշալի կատարմամբ:

Անկրկնելի ելույթով հանդես եկավ ասմունքող Աիդա Ասատուրյանը, որը ներկայացրեց հատվածներ Վ. Թեքեյանի հոդվածներից:

Միջոցառումը հուզառատ էր, տպավորիչ և ջերմ: Թեքեյանասերները խոստովանեցին, որ անհամբեր կսպասեն գրքի երկրորդ և երրորդ հատորների լույսընծայմանը:

Նշենք նաև, որ ս.թ. ապրիլին գիրքը մասնակցել է Լոնդոնի «Օլիմպիա» կենտրոնում անցկացվող «Գրքի միջազգային ցուցահանդեսին», եւ այլ հայ հեղինակների գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի, մանկական և այլ գրքերի հետ միասին ներկայացվել է Հայաստանի տաղավարում:

 

նախորդ էջ