Բացվել է Վիկտոր Դանիլովի սեւ-սպիտակ լուսանկարների ցուցահանդեսը
2022-04-12
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ բացվել է ԱՄՆ-ում ապրող եւ ստեղծագործող լուսանկարիչ Վիկտոր Դանիլովի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են հեղինակի տարբեր տարիների յոթ տասնյակից ավելի սեւ-սպիտակ աշխատանքներ, որոնք յուրովի են ներկայացնում Նյու Յորքը, Մոսկվան եւ Թբիլիսին:
Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքւմ մշակութային կյանքը ողջ աշխարհում անկում է ապրել, եւ նմանօրինակ միջոցառումների շնորհիվ ոլորտը զարթոնք է ապրում ու հույս ներշնչում: Խոսելով Վիկտոր Դանիլովի մասին՝ Ս. Հակոբյանը հատկանշեց հեղինակի ինքնատիպ ստեղծագործական հայացքը, նրա յուրահատուկ մոտեցումը ցանկացած նկարի հանդեպ:
Բացման խոսքով հանդես եկավ նաեւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, անդրադառնալով Վ.Դանիլովի՝ Photo.Podium.com կայքի հիմնադրի հետ արդյունավետ համագործակցությանը 2014թ-ից, ինչի արդյունքում Թեքեյան Կենտրոնում կազմակերպվել է շուրջ երկու տասնյակ լուսանկարչական ցուցահանդես: Տնօրենի խոսքով՝ վերջին երկու ծանր տարիները շատ բան փոխեցին հատկապես հայ ժողովրդի կյանքում, բայց կյանքը շարունակվում է, եւ համազգային խնդիրները լուծելու հետ զուգահեռ, պետք է շարունակել ստեղծել ու արարել, ապրել նաեւ մշակութային կյանքով: «Հուսով եմ՝ մոտ ապագայում անձամբ հեղինակը կներկայացնի իր այսչափ տպավորիչ աշխատանքները: Ճիշտ է, լուսանկարները սեւ-սպիտակ են, բայց ամբողջությամբ փոխանցում են 21-րդ դարի շունչը»: ԹԿՀ-ը ցանկության հայտնեց ձեռք բերել աշխատանքներից մի քանիսը մշտական ցուցադրության համար:
Ցուցահանդեսի կազմակերպիչ, Photo.Podium.com կայքի համադրող Արմեն Ենգոյանը ներկայացրեց հեղինակին:
Վիկտոր Դանիլով՝ տաղանդաշատ երաժիշտ, նկարիչ, լուսանկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ
Ծնվել է Թբիլիսիում: Հանդես է եկել Վրաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում, զուգահեռաբար զբաղվել է լուսանկարչությամբ: 1990-ականների վերջին ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ՝ Նյու Յորք:
Հեղինակի աշխատանքները՝ կտավները, լուսանկարներն ու համակարգչային գրաֆիկական արվեստը, ցուցադրվել են տարբեր երկրների պատկերասրահներում եւ բարձր գնահատանքի արժանացել: Բազմաթիվ մրցույթների հաղթող է ճանաչվել: Տարբեր տարիներին արժանացել է Նյու Յորքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության, Նյու Յորքի քաղաքապետ Ռուդոլք Ջուլիանիի, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի /ՌԳԱ/ շնորհակալագրերի, ինչպես նաեւ պարգեւատրվել է ՌԳԱ «Արժանի» մեդալով, ՌԳԱ «Ա.Ա. Մելնիկով» շքանշանով:
2007թ. ստեղծել է Photo.Podium.com ինտերնետային կայքը, որը համախմբել է աշխարհի տարբեր անկյուններում գործող լուսանկարիչների՝ ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաեւ սիրողական: Արդյունքում, տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում՝ Երեւանում, Գյումրիում, Սպիտակում, կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ:
Թեքեյան կենտրոնում Վիկտոր Դանիլովի անհատական սեւ-սպիտակ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ ապրիլի 23-ը:
նախորդ էջ