Լույս է տեսել Վերժինե Սվազլյանի «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» աշխատությունը
2022-03-17
Օրերս լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» աշխատությունը: Այն ընդգրկում է «Պատմաբանագիտական ուսումնասիրություն» (հայերեն, անգլերեն) եւ «Սկզբնաղբյուրներ» բաժինները, որոնք Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ԱՄՆ գաղթած արեւմտահայ ավագ, նաեւ՝ հետագա սերունդներից հեղինակի 5 ուղեւորությունների ընթացքում (1979-2008թթ.) գրի առած եւ կորստից փրկած 1,165 միավոր պատմական, բանահյուսական եւ ազգագրական նյութերն են, որոնց միջոցով ներկայացվում է ԱՄՆ-ի հայության անցյալ ու ներկա կյանքի ընդհանուր պատկերը՝ սկզբից մինչեւ մեր օրերը, նրանց հաղթահարած նախնական դժվարություններն ու արձանագրած հաջողությունները:
Հատորն ունի 206 բանասացների եւ նրանց հաղորդած նյութերի Փաստագրական աղյուսակ, Բառարան, Ծանոթագրություններ, Բանասացների, Անձնանունների եւ Տեղանունների ցուցիչներ, Նոտագրություններ, բանասացների լուսանկարներ, Քարտեզ՝ «Հայերի տեղաբաշխումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում» եւ DVD՝ «Ամերիկահայոց շրջանում տարածված ժողովրդական երգերի կատարումներ»:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի խոսքով՝ սույն գիտական աշխատությունը հայ բանագիտության պատմության մեջ առաջինն է, որ նվիրված է հայ սփյուռքի մեծագույն համայնքներից մեկի՝ ամերիկահայոց բանավոր ավանդույթի գիտական համակողմանի ուսումնասիրությանը, որն իր պատմաճանաչողական արժեքով հայ ժողովրդի արդի մշակույթի պատմության մեջ կարեւոր եւ բացառիկ արժեք է ներկայացնում:
Վերժինե Սվազլյանը հեղինակ է 500-ից ավելի գիտական եւ հրապարակախոսական հրատարակությունների, ընդ որոմ՝ շուրջ 30 գրքերի, որոնք տարբեր լեզուներով լույս են տեսել հայաստանում եւ արտերկրում: Բազմավատակ գիտնականը սկսած 1975 թվականից առ այսօր արժանացել է ավելի քան 30 պարգեւների, որոնց մի մասը ստացել է սփյուռքում:
նախորդ էջ