93 տարեկան հասակում մահացել է Թորոս Թորանեանը
2021-06-05
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իր խորին ցավակցությունն է հայտնում հալեպահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանեանի կյանքից հեռանալու կապակցությամբ: Թող Աստված լուսավորի մեծն հայի հոգին եւ մխիթարություն պարգեւի հարազատներին... Թորոս Թորանյանը ծնվել է 1928թ. Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները՝ Խաչերը եւ Վարդուհին, ծնվել են Կիլիկյան Հայաստանի Այնթապ քաղաքի Ճիպին գյուղում։ Հայրն ավարտել է ծննդավայրի Կիլիկյան վարժարանի վեցամյա շրջանը եւ տիրապետել է հայոց լեզվին, իսկ մայրը մանուկ հասակում մեծացել է քրդական ընտանիքում եւ մայրենի լեզվին չի տիրապետել։ Հայրը մահացել է, երբ Թորոս Թորանյանը եղել է երկու տարեկան, այդ պատճառով ընտանիքի լեզուն եղել է թուրքերենը։ Մինչեւ հինգ տարեկան Թորոսը խոսել է թուրքերեն, հայոց լեզու սովորել է մանկապարտեզում: Սովորել է Հալեպի Գյուլբենկյան դպրոցում։ Ստացել է բժշկական կրթություն։
|
Թորանյանը բազմաժանր ստեղծագործող էր։ Հեղինակել է «Աստղերու ճամբան», «Կանաչ տառեր», «Անտալուզեան երգեր», «Կարօտի ճամբաներով», «Մեծ հորս պատմած հեքիաթները», «Թող Հայաստանը խօսի», «Կեանքի կեռմաններով» եւ այլ ստեղծագործությունները։ Հեղինակ է նաեւ մի շարք մենագրությունների:
2012-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
նախորդ էջ