Անահիտ Ըռքոյանի անհատական ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում
2018-01-20
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի, Քաշաթաղի շրջվարչակազմի եւ «Հայրենասեր» հասարակական կազմակերպության աջակցությամբ հունվարի 22-ին Երեւանում՝ Թեքեյան Կենտրոնում, բացվեց բերձորցի երիտասարդ նկարչուհի, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ըռքոյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:
Ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի վերջին 5 տարիների ընթացքում՝ Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում եւ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում ուսանելու տարիներին ստեղծած ավելի քան 50 աշխատանք, այդ թվում՝ գունանկար, գրաֆիկա, մանրանկար:
Աշխատանքների վերաբերյալ իրենց տպավորությունները արտահայտեցին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ա. Ծուլիկյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը, «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ս. Սարգսյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի գունանկարչության եւ կոմպոզիցիայի դասախոս Ա. Հովհաննիսյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կ. Աղամյանը, Էջմիածին քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Ա. Թադեւոսյանը, քարանձավագետ Ս. Շահինյանը: Բարձր գնահատելով ներկայացված աշխատանքները, նրանք կարեւորեցին այն լույսն ու լավատեսությունը, կամքն ու աշխատասիրությունը, որ ճառագում են հեղինակի նկարներից:
Անահիտ Ըռքոյանի խոսքով, իր աշխատանքներում գլխավորը գույներն են, որոնք վկայում են արցախցի լինելու եւ կյանքի ու ապագայի հանդեպ դրական զգացումներ ունենալու մասին:
Ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում կգործի մինչեւ հունվարի 31-ը /մուտքն ազատ է/, իսկ փետրվարին այն նախատեսվում է ներկայացնել Արցախում:
նախորդ էջ