ԹԿՀ իրականացրեց «Ամառային ճամբար - 2018» ծրագիրը
2018-08-10
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Աջակցություն հայ դպրոցին» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ Արցախի թեքեյանցի 69 աշակերտ իրենց ամառային հանգիստը վայելեցին Հանքավանի գեղատեսիլ բնության գրկում: Հիմնադրամի այս ծրագիրն իրականացվում է արդեն ինը տարի անընդմեջ եւ նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական զարգացմանը: Առայսօր ճամբարի ծրագրում ընդգրկվել է 614 մասնակից՝ մասնավորապես գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների երեխաներ Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից:
Այս տարի եւս «Արագած» ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց թեքեյանցիներին, որոնք իրենց մանկավերժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ ունեցան հետաքրքիր ու բովանդակային առօրյա՝ հագեցած ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:
Թեքեյանցիներն ամենակտիվ մասնակցությունն ունեցան ուսուցանող խաղերին, գիտակների մրցույթներին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույցներին, սպորտլանդիաներին եւ պարգեւատրվեցին գավաթներով ու շնորհակալագրերով: Երեխաները ուսուցանեցին նաեւ ազգային երգ ու պար, այցելեցին հիշարժան վայրեր:
Հանգստի վերջին օրը վառվեց հրաժեշտի ավանդական խարույկը: Բաժանումը հուզիչ էր` լի արցունքներով եւ ջերմ խոսքերով: Դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Արագածից», որն իրենց պարգեւեց անկրկնելի հանգիստ, անմոռանալի տպավորություններ ու նոր գիտելիքներ: Թեքեյանցիները հրաժեշտ տվեցին ճամբարին կրկին վերադառնալու ակնկալիքով:
նախորդ էջ