(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Հանդիսություն՝ ի պատիվ Վարդան Ուզունյանի

2018-09-03

 

Մեծ հանդիսությամբ նշվեց Միացյալ Թագավորության հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչ, սփյուռքում եւ հայրենիքում ճանաչված բարերար Վարդան Ուզունյանի ծննդյան 78-ամյակը:

Բազմաթիվ պատվավոր հյուրեր, հարազատներ ու համախոհներ սփյուռքից ժամանել էին Հայաստան հոբելյարին շնորհավորելու եւ եւս մեկ անգամ արժանին մատուցելու նվիրյալ հայորդուն՝ Լիբանանում, Եթովպիայում, Մեծ Բրիտանիայում եւ Հայաստանում 56-ամյա ազգանվեր գործունեություն ծավալելու համար:

Ծնվել է Բեյրութում՝ Մեծ Եղեռնից մազապուրծ եղած ընտանիքում: Հաճախել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տարրական վարժարանը, ՀԲԸՄ Հովակիմյան Մանուկյան երկրորդական վարժարանը, այնուհետեւ բարձրագույն կրթությունը ստացել է Լոնդոնում: Վաղ հասակից դաստիարակվել է հայկական ոգով, հայրենասիրությամբ ու սիրով դեպի ազգային մշակույթը եւ գիտակցել է ազգային ինքնության պահպանման կարեւորությունը: Ուսանողական տարիներից բեղուն գործունեություն է ծավալել հայ համայնքների ազգային եւ հոգեւոր կյանքում, ծառայելով սեփական ժողովրդին:

Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /ԼԹԽՄ – Tekeyan Trust/, Երեւանի Թեքեյան Կենտրոնի, Լոնդոնի «Կոմիտաս» երգչախմբի հիմնադիրներից է: Մեծ նվիրումով գործունեություն է ծավալել Եթովպիայի Արարատ ակումբում, Լոնդոնի Հայ տան երիտասարդական միությունում, ՀԲԸՄ-ում, Թեքեյան մշակութային միությունում, ԼԹԽՄ-ում, ՌԱԿ-ում, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամում եւ ազգային այլ հաստատություններում, ամրապնդելով Հայաստան-Սփյուռք կապերը մշակույթի միջոցով: Իր անխոնջ աշխատանքի շնորհիվ կյանքի են կոչվել մի շարք կարեւոր ձեռնարկներ, այդ թվում՝ ուսանողական մշակութային փառատոն Լիբանանում. հասարակական, մշակութային, մարզական միջոցառումներ Եթովպիայում. ցուցահանդեսներ, դասախոսություններ, «Էրեբունի» թերթը, «Արաքս» պարային համույթը, «Կոմիտաս» երգչախումբը Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ Հայաստանից հրավիրված մշակութային գործիչների, պարի եւ երգի համույթների, թատերական խմբերի ելույթները ՄԲ-ում. եւ ի վերջո, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի բարեգործական գործունեությունը, որը հիմնականում կենտրոնացած է Հայաստանի եւ Արցախի դպրոցների վրա:

Ներկայումս Վարդան Ուզունյանը Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղարն է, Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ԼԹԽՄ «Կոմիտաս» երգչախմբի նախագահը, Ռամկավար ազատական կուսակցության Լոնդոնի մասնաճյուղի ատենապետը, ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ եւ գանձապահը:

2011թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ հայրապետական կոնդակով պարգեւատրվել է Սուրբ Ներսես Շնորհալի պատվո բարձր շքանշանով:

2017թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալը՝ ի արժեւորումն բազմամյա ազգանվեր գործունեության եւ սփյուռքի տարբեր համայնքներում հայկական մշակույթի եւ արժեքների ներկայացման եւ պահպանման:

 

նախորդ էջ