«Երեւանը երեւանցիների աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը Երեւանի քաղաքապետարանում
2018-09-10
Երեւանի քաղաքապետարանի եւ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Երեւանը երեւանցիների աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
Ցուցահանդեսում ներկայացված են 37 հայտնի հայ լուսանկարիչների տարբեր ժամանակաշրջաններում կատարված շուրջ 150 աշխատանքներ, որոնք ներկայացնում են մայրաղաղաքի կյանքն ու շունչը՝ պատմական եւ մերօրյա գոյությամբ:
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը /Լոնդոն/, ինչպես նաեւ լուսանկարիչներ, արվեստագետներ, հյուրեր:
Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, շնորհավորելով ներկաներին քաղաքի պանծալի հոբելյանի առթիվ, անդրադարձավ ցուցահանդեսի ստեղծման գաղափարին, կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաեւ խորին երախտագիտություն հայտնեց բոլոր հեղինակներին, աջակիցներին ու կազմակերպիչներին, առանց որոնց այս գեղեցիկ նախաձեռնությունն իրականություն չէր կարող դառնալ:
Քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հայկական ավանդական լուսանկարչական դպրոցն անվանեց մեծ «տեսանող»՝ աչք, որից չի վրիպել Երեւանի ոչ մի անկյուն եւ ոչ մի վայրկյան: Եվ այդ աչքի արդյունքում է ստեղծվել ցուցահանդեսը, որն իսկապես մեծ նվեր է բոլորին Երեւանի հիմնադրման հոբելյանի կապակցությամբ: Պրն. Արեյանը նաեւ շնորհակալություն հայտնեց իր լավ գործընկեր «Թեքեյան կենտրոն» հիմնադրամին կրկին անգամ գեղեցիկ նախաձեռնությամբ ու նորարարությամբ հանդես գալու համար:
Նշենք որ, ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. սեպտեմբերի 16-ը: Մուտքն ազատ է:
նախորդ էջ