(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

ԹԿՀ «Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագիրը

2018-09-22

 

Երեւանի հիմնադրման 2800-ամյակի տոներին ընդառաջ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իրականացրեց «Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի եւ Արցախի Վ.Թեքեյանի անվան դպրոցների թվով 92 աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ հնարավորություն ունեցան այցելելու մեր հայրենիքի պատմամշակութային կենտրոններ:

Ծրագրով նախատեսված առաջին այցելությունը եղավ Երեւան քաղաքի պատմության թանգարան, որտեղ Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբիի թեքեյանցի աշակերտներն էքսկուրսավարների ուղեկցությամբ շրջեցին թանգարանի ցուցասրահներում, դիտեցին հին Երեւանի անիմացիոն մանրակերտը` լուսային էֆեկտներով: Այնուհետեւ նրանց համար կազմակերպվեց «Ճանաչիր Երեւանը» գիտահանրամատչելի խաղ-էքսկուրսիան, որը երեխաներին քաղաքի մասին կարեւոր եւ հետաքրքրաշարժ տեղեկություններ հաղորդեց եւ օգնեց տեղում՝ թանգարանում, սովորել եւ ամրապնդել ձեռք բերված գիտելիքները:

Այնուհետեւ երեխաներն այցելեցին «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երեւանը երեւանցիների աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը, որում ներկայացված շուրջ 150 լուսանկարներն արտացոլում էին մայրաղաղաքի կյանքն ու շունչը՝ պատմական եւ մերօրյա գոյությամբ:

Հայաստանցի թեքեյանցիների համար ծրագիրն ամփոփվեց այցելությամբ Երեւանի կենդանաբանական այգի:

Իսկ Արցախի՝ Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի սաները հիմնադրամի աջակցությամբ հնարավորություն ունեցան այցելելու Ստեփանակերտ եւ Շուշի: Եղան ԼՂՀ Զոհված ազատամարտիկների հուշ թանգարանում, ծանոթացան թանգարանի ցուցանմուշներին, որոնք օգտագործվել են Արցախյան ազատամարտի ժամանակ: Սակայն առավել տպավորիչ ու հուզող էին պատերին փակցված ուրախ ու տխուր դեմքերով ազատամարտիկների լուսանկարները: Թանգարանի հարեւանությամբ է գտնվում Անհայտ կորած ազատամարտիկների թանգարանը: Տնօրեն Վերա Գրիգորյանը՝ 1994թ. Արցախյան ազատամարտի ժամանակ անհայտ կորած Արտակ Գրիգորյանի մայրը եւ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ նախագահը, աշակերտներին ներկայացրեց թանգարանի ստեղծման գաղափարը եւ ներկայիս գործունեությունը:

Խումբը Ստեփանակերտից ուղեւորվեց Հունոտի կիրճ՝ տեսնելու բնության հրածալիք մամռապատ քարանձավը՝ Զոնտիկները: Այնուհետեւ ծրագրի մասնակիցները շարժվեցին դեպի Շուշի՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագրի շնորհիվ թեքեյանցի աշակերտները հաճելի եւ ուսուցողական օր անցկացրին, ձեռք բերեցին նոր ընկերներ եւ մեծ տպավորություններով վերադարձան իրենց մարզեր:

 

նախորդ էջ