ԹԿՀ իրականացրեց «Անվճար դասագրքեր 2018/2019» ծրագիրը
2018-12-06
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խիստ կարեւորում է կրթությունը, ուստի 2010թ. սկսած բարերարների շնորհիվ իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը եւ օժանդակում առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր:
Ծրագիրն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ, որոնք մասնավորապես ապահովվում են Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի կողմից Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում կազմակերպված դրամահավաքների միջոցով:
2018-2019 ուսումնական տարում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը 2,060 անվճար դասագիրք է տրամադրել 182 անապահով աշակերտի Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբի գյուղից եւ Բերձորից, դրանով իսկ մեղմելով ընտանիքների նյութական հոգսը: Իսկ ծրագրի իրականացման ինը տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը տրամադրել է ավելի քան 21,000 դասագիրք 11,015,000 ՀՀ դրամ արժողությամբ:
Հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում եւ ակնկալում է Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների տեւական համագործակցությունն ու օժանդակությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Նվիրատվություն կարող եք կատարել`
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ
/ՀՀ, Երեւան 0025, Խանջյան 50/
Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ)
SWIFT / BIC: ARMIAM22
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հայտնում է իր խորին երախտագիտությունը բոլոր նվիրատուներին հայ դպրոցի զարգացման եւ բարգավաճման հայրենանվեր գործին աջակցելու համար:
նախորդ էջ