(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«B & W» ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում

2019-01-23

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ PhotoPodium.com կայքի համագործակցությամբ երեկ Թեքեյան Կենտրոնում բացվեց «B & W» /Black & White/ միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը: Ներկայացված են 119 լուսանկարներ 24 հեղինակների Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Լեհաստանից եւ Իսրայելից։

Ցուցահանդեսի թեման սեւ ու սպիտակ լուսանկարչությունն է, որը դասական է համարվում եւ գոյություն ունի ավելի քան հարյուր տարի: Ինչպես նշեց ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը ողջույնի իր խոսքում, ժանրային սահմանափակում չլինելը առավելություն է. ցուցահանդեսն էլ ավելի հետաքրքրական է, քանի որ ներկայացված աշխատանքները միավորվում են միայն սեւ ու սպիտակով:

Այսօր էլ լուսանկարչության այս ոճը չի կորցրել իր արդիականությունը: Սեւ-սպիտակ լուսանկարչոոությունը երբեմն շատ ավելի ճշգրիտ է ի ցույց դնում այս կամ այն աշխատանքի, ստեղծագործության գաղափարը, մտահաղացումը, հանդիսատեսի ուշադրությունը չշեղելով գույներով: Այն ավելի քչախոս է, լակոնիկ, հանելուկային եւ անգամ առեղծվածային:

«Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը բարձր գնահատանքի արժանացնելով «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ PhotoPodium.com կայքի՝ մասնավորապես վերջինիս հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Ենգոյանի ջանքերը լուսանկարչական ցուցահանդեսներ կազմակերպելու ոլորտում, նշեց նաեւ. «Այսօր արդեն մտահոգիչ է ցուցահանդեսներ այցելողների թիվը: Ուստի, այսօրինակ ցուցահանդեսները պարզապես անհրաժեշտություն են, քանի որ կօգնեն հասարակությանը կտրվել թվային տեխնոլոգիաներով ցուցահանդեսներ այցելելուց, թվային տեխնոլոգիաներով երեխա դաստիարակելուց... Պետք է գիրքը կարդալ ձեռքերում բռնած, իսկ լուսանկարն էլ նայել էքսպոզիցիոն պատերին կախված...»

Արմեն Ենգոյանն էլ հավելեց. «Հայաստանում միջազգային լուսանկարչությունը շարունակաբար ներկայացնելով՝ նույն մեխին անընդհատ խփելով, փորձում ենք ապացուցել, որ լուսանկարչությունն էլ է արվեստ»:

Ցուցահանդեսում ներկայացված են PhotoPodium.com կայքում իրենց ստեղծագորությունները ցուցադրող եւ դրանով կայքի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ կայքի ցուցահանդեսային գործունեությունը կազմակերպող հեղինակների աշխատանքները:

Ցուցադրությունը հնարավորություն է տալիս գնահատելու կայքի պատասխանատուների եւ կամավորների, գործընկերների գեղարվեստական ճաշակը, լուսանկարչական հմտություններն ու վարպետությունը:

Նշենք, որ ցուցահանդեսը կյանքի է կոչվել նաեւ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի մերձվոլգյան մասնաճյուղի, Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության ցուցահանդեսային եւ կրթական ծրագրերի, «Մոսկովյան հանրագիտարաններ» հիմնադրամի աջակցությամբ:

«B & W» ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում կգործի մինչեւ փետրվարի 5-ը. մուտքն ազատ է։

 

 

նախորդ էջ