(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

ԹԿՀ իրականացրեց «Ամառային ճամբար - 2019» ծրագիրը

2019-08-06

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Աջակցություն հայ դպրոցին» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ Արցախի թեքեյանցի 71 աշակերտ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի գեղատեսիլ բնության գրկում: Հիմնադրամի այս ծրագիրն իրականացվում է արդեն տասը տարի անընդմեջ եւ նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական, անհատական զարգացմանը: Առայսօր ճամբարի ծրագրում ընդգրկվել է 685 մասնակից՝ մասնավորապես գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքների երեխաներ Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբիից եւ Բերձորից:

Այս տարի եւս «Արագած» ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց թեքեյանցիներին, որոնք իրենց մանկավերժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ ունեցան հետաքրքիր ու բովանդակային առօրյա՝ հագեցած ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով:

Թեքեյանցիներն ամենակտիվ մասնակցությունն ունեցան ուսուցանող խաղերին, գիտակների մրցույթներին, դաստիարակչական տարբեր թեմաներով զրույցներին, սպորտլանդիաներին եւ պարգեւատրվեցին գավաթներով ու շնորհակալագրերով: Երեխաները ուսուցանեցին նաեւ ազգային երգ ու պար, այցելեցին հիշարժան վայրեր:

Հանգստի վերջին օրը վառվեց հրաժեշտի ավանդական խարույկը: Բաժանումը հուզիչ էր` լի արցունքներով եւ ջերմ խոսքերով: Դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Արագածից», որն իրենց պարգեւեց անկրկնելի հանգիստ, անմոռանալի տպավորություններ ու նոր գիտելիքներ: Թեքեյանցիները հրաժեշտ տվեցին ճամբարին կրկին վերադառնալու ակնկալիքով:

 

նախորդ էջ