(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Կյանքից հեռացել է մեծանուն դերասան Երվանդ Մանարյանը

2020-02-20

96 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, տնօրինությունն ու անձնակազմը սրտակից ցավակցություն են հայտնում Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ: Թող Աստված լուսավորի մեծն հայի հոգին եւ մխիթարություն պարգեւի հարազատներին...

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թ. Արաքում /Իրան/։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան եւ պարսկական քոլեջներում:

1946 թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թ.։

Որպես դերասան եւ ռեժիսոր աշխատել է Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում եւ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում։

Եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի, Գորիսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը, Կիեւի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը: Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն:

Աշխատել է Երեւանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում եւ «Երեւան» կինոմիավորումում։ Նկարահանել է վավերագրական եւ գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» եւ այլն։ Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» եւ այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ եւ հոդվածներ։

Մանարյանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն Հյուսիսից», «Քաոս», «Մորգանի խնամին» եւ այլն:

2003 թ. Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչում, 2005-ին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2018 թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։

 

նախորդ էջ