Կյանքից հեռացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
2020-02-27
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խորին ցավակցություն է հայտնում հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի կյանքից վաղաժամ հեռանալու կապակցությամբ: Անդառնալի կորուստ հուշարձանագիտության, պատմագիտության եւ, առհասարակ, հայ ժողովրդի համար…
Ծնվել է 1961 թվականին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայաստանի տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարել, չափել եւ նկարագրել է հայկական հուշարձանները: Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել եւ ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։ Կարապետյանը հայտնի է որպես հարեւան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ եւ իր գործունեության համար Վրաստանում հայտարարված էր անցանկալի անձ։ Նրա կարծիքով Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով րականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն: Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին եւ 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին: |
Երկար տարիներ՝ մինչև իր մահը, Սամվել Կարապետյանը հանդիսացել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավարը: Հեղինակել եւ համահեղինակել է հայկական հուշարձաններին, հայկական ճարտարապետությանը եւ հայոց պատմությանն առնչվող բազմաթիվ արժեքավոր գրքեր եւ աշխատություններ, այդ թվում՝ ՀՃՈւ գիտական ուսումնասիրություններ /գրքաշար/, Հայաստանի պատմություն /հատորյակներ/, առանձին գրքեր եւ պարբերականներ։
2007 թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին՝ հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար: 2004-ին՝ Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշանի եւ Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրականության մրցանակի:
նախորդ էջ