Կյանքից հեռացել է հայ լուսանկարիչ Վահան Քոչարը
2020-10-19
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խորին ցավակցություն է հայտնում իր լավագույն բարեկամ, անվանի լուսանկարիչ, գեղանկարիչ, գրքերի ձեւավորող, հայ լուսանկարչության նվիրյալ Վահան Քոչարի կյանքից հեռանալու կապակցությամբ: Թող Աստված լուսավորի մեր սիրելի արվեստագետի հոգին եւ մխիթարություն պարգեւի հարազատներին… - - - - - - - - - - - - - - - - - - Վահան Քոչարը ծնվել է 1949 թվականին ականավոր լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ընտանիքում: 1965 թվականին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցը, 1969 թվականին՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: Վահան Քոչարը հայաստանյան գեղարվեստական լուսանկարչության կարկառուն դեմքերից է. լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ: |
Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երեւանում, Բեյրութում, Մոսկվայում, Սալոնիկում, Լոնդոնում։ 1998 թվականին «Թանգարան» գրքի համար Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսում արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի։ Անգնահատելի է Վահան Քոչարի ներդրումը հայ լուսանկարչության ուսումնասիրության եւ այդ ժառանգությունը սերունդներին ներկայացնելու գործում:
2007թ. լույս է տեսել Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են շուրջ 480 լուսանկարիչների կենսագրականներ եւ լուսանկարներ, իսկ 2019թ. արվեստագետի անհատական ջանքերով Երեւանում բացվել է Հայ լուսանկարչության թանգարանը, որը կրում է իր հոր՝ Անդրանիկ Քոչարի անունը: Թանգարանում ներկայացված են աշխարհասփյուռ 14 հայ լուսանկարիչների աշխատանքներ, որոնք հետագծում են հայ լուսանկարչության շուրջ 170-ամյա պատմությունը՝ Կոստանդնուպոլսից մինչեւ Կանադա, Երեւանից մինչեւ Սան Պաուլո եւ Իրան:
Աղբյուր՝ lragir.am
նախորդ էջ