(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Բերձորցիների հանդիպումը պատերազմից հետո

2021-04-03

 

Արցախյան վերջին պատերազմը տեղահան արեց նաեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի բնակչությանը։ Այսօր ՀՀ տարբեր մարզերում, հատկապես Երեւանում են բնակություն հաստատել բերձորցիները։ Դժվարություններ շատ են տեսել, բայց ամենածանրը կարոտն է։ Բերձորցի աշակերտները հասկանալի պատճառներով այժմ ուշ-ուշ են հանդիպում իրենց դասընկերների, ուսուցիչների հետ, ուստի ցանկացած առիթ օգտագործում են՝ կրկին հավաքվելու համար։ Չէ՞ որ այդ հանդիպումներում նրանք խոսում են Բերձորի մասին, կիսվում հուշերով ու փորձում մեղմել կարոտը:

Ապրիլի 1-ին Երեւանում՝ «Թեքեյան կենտրոնի» դահլիճում էին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, փոխտնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ։ Հուզիչ էին նրանց հանդիպումները։

Ա. Քոսակյանը տեղեկացրեց, որ 4 տարի առաջ Հանքավանում տեղի է ունեցել համահայկական ուսուցիչների հավաք, որին մասնակցել է նաեւ ինքը: Ծանոթացել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանի հայաշատ Գլենդել քաղաքի հանրային դպրոցների կրթաշրջանի հայերեն երկլեզու ծրագրի պատասխանատու Միգանուշ Մելքոնյան-Աճեմյանի հետ։ Այնուհետեւ կապը եղել է հեռավար, եւ Մ․ Աճեմյանն անգլերենով մեծ քանակի գիտահանրամատչելի գրքեր է ուղարկել Բերձոր։ Ըստ Ա. Քոսակյանի՝ այդ գրքերի մի մասը հատկացվել է նաեւ Քաշաթաղի շրջանի այլ դպրոցների։ Կապը 2 կրթօջախների հետ շարունակվել է մինչեւ վերջերս։ Ընթացքում նամակագրական եւ համացանցային կապ է գործել աշակերտների միջեւ։

Գլենդելի հանրային դպրոցներից մեկում է սովորում նաեւ վերջերս այնտեղ բնակություն հաստատած բերձորցի Աննա Հակոբյանի դուստրը, ով նույնպես աջակցել է կապի հաստատմանը։ Պատերազմի օրերին Մ. Աճեմյանը շարունակել է մնալ Ա. Քոսակյանի կողքին, հույս տվել՝ հաղթելու ենք։ Սակայն եղավ տեղահանություն։ Բերձորի թիվ 1 դպրոցում 2020 թ. սովորում էր 220 աշակերտ, եւ շատերն այժմ Երեւանի ու մոտակա բնակավայրերի դպրոցների սաներ են։

Աշակերտներից ոմանք նկարագրեցին իրենց նոր դպրոցը, ընկերներին, ուսուցիչներին։ Ոմանք գոհ են, ոմանք՝ ոչ։ Բոլորի համար ուրիշ էր Բերձորը, իրենց դպրոցը, ուսուցիչներն ու դասընկերները, ու խեղդում էր կարոտը։ Աշակերտները հանդես եկան նաեւ երգով, ասմունքով։
Վերջերս Մ. Աճեմյանը կրկին կապ է հաստատել Ա. Քոսակյանի հետ եւ տեղեկացրել, որ որոշակի ֆինանսական աջակցություն է ցանկանում ցուցաբերել Բերձորի թիվ 1 դպրոցի բոլոր 40 աշխատակիցներին եւ աշակերտներին։ Յուրաքանչյուր ընտանիքից ներկա էր 1 երեխա, եւ նամակ ու գումար ստացան 67 աշակերտ։ Հանդիպմանը ներկա էր Գլենդելի հանրային դպրոցների խորհրդի անդամ Նաիրուհի Նահապետյանը, ով բերել էր ծրարներն իրենց դպրոցների սաների կողմից։ Թեպետ, ինչպես նշեց Ն. Նահապետյանը, հատկացված գումարը մեծ չէ, սակայն կարեւորը՝ հաստատվում է ապրեցնող այն ճշմարտությունը, որ սփյուռքը մշտապես Հայաստանի եւ Արցախի կողքին է։ Հավելեց՝ գումարը հավաքել են իրենց սաների ծնողները՝ 7-8 հոգի եւ սիրով հատկացրել Բերձորի թիվ 1 դպրոցին։

Նա տեղեկացրեց նաեւ, որ Գլենդելի հանրային 30 դպրոցում սովորում է 20 հազարից ավելի աշակերտ։ Որոշ դպրոցներում, որտեղ շատ են հայ աշակերտները, դասավանդվում են նաեւ հայագիտական առարկաներ՝ հայոց լեզվով։ Ընթերցեց նաեւ գլենդելաբնակ աշակերտ Նարեկի նամակը՝ ուղղված բերձորցի երեխաներին։ Նարեկը գրում է․«Ամուր եղեք, դուք եք հայրենիքի ապագան։ Սփյուռքը միշտ ձեր կողքին է։ Դուք այստեղ ունեք շատ եղբայրներ ու քույրեր»։ Նկարազարդ բացիկ-նամակում 11-ամյա Լիլյան, ով ունի 8 տարեկան եղբայր, գրում է՝ ինքը բնակվում է Գլենդելում, սովորում է նաեւ հայոց լեզվով, սիրում է նկարել, պարել եւ համոզված է՝ իր նամակի հասցեատերը նույնպես ունի սիրած զբաղմունք։ Շնորհավորում է իր հասակակից բերձորցիներին Սուրբ Զատիկի տոնի առթիվ՝ հավատով՝ Աստված հաջողություն է բերելու մեր ազգին։

Դահլիճում էր նաեւ «Ասպարեզ» թերթի լրագրող Քաթրին Եսայանը։ Ասաց, որ ինքը անգլերենով նյութեր է գրում աշխարհի տարբեր վայրերում բնակվող հայերի մասին, ներկայացնում հայկականը։ Այժմ «Ասպարեզը» լույս է տեսնում միայն էլեկտրոնային եղանակով։ Հանդիպման վերջում Ն․Նահապետյանը նշեց՝ կապը Բերձորի թիվ 1 դպրոցի անձնակազմի հետ շարունակական է լինելու։

Իրար հրաժեշտ տվեցին բերձորցիները՝ հավատով, որ գալու է օրը, եւ իրենք դարձյալ հանդիպելու են Բերձորում՝ իրենց հարազատ դպրոցում, որի 220 աստիճան ունեցող աստիճանավանդակն անցյալ տարի այս օրերին նկարազարդում էին միասնաբար։                                                                                                                                                          

Զոհրաբ Ըռքոյան

 

նախորդ էջ