«B & W» միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը ԹԿ-ում` 22.01.2019
2019-01-10
Հունվարի 22-ին՝ ժամը 14:00-ին, «Թեքեյան կենտրոնում» (հասցե՝ Խանջյան 50) տեղի կունենա PhotoPodium.com կայքի ղեկավարության նախաձեռնությամբ կազմակերպված «B & W» միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի մերձվոլգյան մասնաճյուղի, Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության ցուցահանդեսային եւ կրթական ծրագրերի, «Մոսկովյան հանրագիտարաններ» հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառմանը կներկայացվեն PhotoPodium.com կայքում իրենց ստեղծագորությունները ցուցադրող եւ դրանով կայքի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ կայքի ցուցահանդեսային գործունեությունը կազմակեպող հեղինակների աշխատանքները:
Մուտքն ազատ է:
Ցուցադրությունը հնարավորություն կտա գնահատելու կայքի պատասխանատուների եւ կամավորների, գործընկերների գեղարվեստական ճաշակը, լուսանկարչական հմտություններն ու վարպետությունը:
Ցուցահանդեսի թեման սեւ ու սպիտակ լուսանկարչությունն է, որը դասական է համարվում եւ գոյություն ունի ավելի քան հարյուր տարի: Այսօր էլ լուսանկարչության այդ ոճը չի կորցրել իր արդիականությունն ու հետաքրքրությունը: Սեւ-սպիտակ լուսանկարչոոությունը երբեմն շատ ավելի ճշգրիտ է ի ցույց դնում այս կամ այն աշխատանքի, ստեղծագործության գաղափարը, մտահաղացումը՝ հանդիսատեսի ուշադրությունը չշեղելով գույներով: Որպես կանոն՝ "B & W" ("Black and White")-ն ավելի քչախոս է, լակոնիկ, հանելուկային եւ անգամ առեղծվածային:
Ցուցահանդեսի կազմակերպիչները հեղինակներին չեն սահմանափակել որոշակի թեմայով: Ցուցադրվող աշխատանքները միավորվում են միայն սեւ ու սպիտակով:
Լուսանկարչական ցուցահանդեսին ներկայացված է 7 երկրներից 24 հեղինակների 119 աշխատանք:
Նախագծի ղեկավար՝ Վիկտոր Դանիլով:
Ցուցահանդեսի համակարգող՝ Արմեն Ենգոյան:
Պատասխանատուներ՝ Ալյոնա Բրատուխինա, Եվգենի Ժիլյաև, Եկատերինա Խմելևսկայա, Ելենա Պրոտչևա, Մարինա Բուրենկովա:
Տեխնիկական պատասխանատու՝ Յուրի Բրատուխին: