(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Հիմնադրումը

 

1990-ական թվականներ՝ աննկարագրելի դժվարությունների եւ զրկանքների, պատերազմի եւ տնտեսական շրջափակման տարիներին, երբ հայ ժողովուրդը փորձում էր գոյատեւել, իսկ հայ մշակույթը պարզապես կործանման եզրին էր, Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը /ԼԹԽՄ/ գաղափար հղացավ ստեղծել մշակութային կենտրոն, որը կյանքի կվերակոչեր հայ արվեստն ու գրականությունը, գիտությունն ու կրթությունը, ինչպես նաեւ կնպաստեր հայության միավորմանը:

Ի սկզբանե ԼԹԽՄ ծրագիրն էր մշակութային կենտրոն ստեղծել Լոնդոնում, սակայն մի քանի ապարդյուն փորձերից հետո, 1991թ. որոշում կայացվեց այդ ծրագիրն իրականացնել Հայրենիքում:

1992թ. ԼԹԽՄ ձեռնամուխ եղավ գնելու եւ վերակառուցելու Երեւանի սրտում գտնվող հայտնի «Կռունկ» ռեստորանը, որը ժամանակին երեւանցիների ամենասիրելի ժամանցի վայրերից էր եւ, սակայն, գրեթե մոռացության էր մատնվել: Այդ տարիների համար զարմացնող երեւույթ էր նաեւ այն, որ կերուխումների եւ ժամանցի վայրը վերածվում էր մշակութային օջախի, երբ ամենուրեք հակառակ պատկերն էր տիրում: Բաղձալի երազանքն իրականություն դարձնելու նպատակով, ԼԹԽՄ նախագահ Կարո Գրիգորյանը եւ պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը աննախադեպ դրամահավաքներ նախաձեռնեցին, ընդգրկելով սփյուռքի լայն շրջանակներ: Այս ազգանվեր գործում իրենց մեծ դերն ունեցան նաեւ Հ.Ուզունյանը` Թեքեյան մշակութային միության /ԹՄՄ/ հիմնադիրներից մեկը, Ա.Թովմասյանը, Ն.Խաչատուրյանը, Ս.Գրիգորյանը, Թ.Ավագյանը, Ե.Ազատյանը եւ շատ ուրիշներ:

Դրամահավաքներ կազմակերպվեցին Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ ԱՄՆ-ի ԹՄՄ շրջանակներում: Աշխարհի տարբեր երկրներից հայեր արձագանքեցին` իրենց լուման ներդնելով հայապահպան գործում:

1993թ. տաղանդաշատ ճարտարապետ Օլեգ Շոկարեւը, որը նույն «Կռունկ» ռեստորանի նախագծողն էր, հանձն առավ շենքի նախագծումն ու վերակառուցումը: Որոշվեց` ի հավերժացում հայ մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանի անվան, շենքը կոչվելու է Թեքեյան Կենտրոն: Աներեւակայելի ջանքեր եւ անձնական զոհողություններ պահանջող շինարարական աշխատանքների կատարման վերահսկումն իրականացվում էր անմիջականորեն Վարդան Ուզունյանի կողմից:

1997թ. հոկտեմբերին տեղի ունեցավ Թեքեյան Կենտրոնի հանդիսավոր բացումը: Ներկա էին ՀՀ կառավարության բարձրագույն մարմիններ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, բարերարներ, նվիրատուներ, սփյուռքի եւ հայրենիքի բազմաթիվ համակիրներ, որոնց շնորհիվ իրականություն դարձավ այս հանրօգուտ ծրագիրը: Իրադարձությունը կարեւորվում էր նաեւ նրանով, որ այն մաս էր կազմում այդ օրերին Հայաստանում մեծ շուքով նշվող Թեքեյան մշակութային միության հիմնադրման 50-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրի:

Օլեգ Շոկարեւը արժանացավ քաղաքապետի պատվոգրին որպես «Տարվա լավագույն ճարտարապետ», իսկ շենքը` «Երեւանի լավագույն հանրային կառույց» տիտղոսին: Արդիական տեսք ստանալով, այն առայսօր համարվում է մայրաքաղաքի լավագույն շինություններից մեկը:

Թեքեյան Կենտրոնը դարձավ նաեւ Երեւանի առաջին բիզնես կենտրոնը, իր հարկի տակ հյուրընկալելով հայտնի ընկերությունների: Սրահներում անցկացվում են միջազգային համաժողովներ, պաշտոնական ընդունելություններ, մամուլի ասուլիսներ, սեմինարներ, խորհրդակցություններ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ եւ այլն: Թեքեյան Կենտրոնը կարճ ժամանակում հայտնի դարձավ եւ իր ուրույն տեղը գրավեց Երեւանում:

Թեքեյան Կենտրոնի շենքի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նախքան շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը: Նվիրատվությունները դեռեւս բավարար չէին գործընթացն ավարտին հասցնելու համար: Այդ նպատակով ԹԿ հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց վարկեր վերցնել նախ HSBC Հայաստան, ապա` Ժնեւի UBS բանկից, որոնք հնարավոր եղավ մարել միայն 2008թ.:

2001թ. Թեքեյան Կենտրոն շահույթի նպատակ չհետապնդող ՍՊԸ-ն վերագրանցվեց որպես «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ:

Ցավոք, վարկերի առկայությունը թույլ չէր տալիս հիմնադրամին լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել իր կանոնադրական նպատակների ուղղությամբ: Այնուամենայնիվ, Թեքեյան Կենտրոնը շարունակում էր աջակցել Հայաստանի Թեքեյան մշակութային միությանը: Նմանատիպ օգնություն է ցույց տրվել նաեւ այլ հասարակական կազմակերպություններին եւ անհատներին:

Ներկայումս Թեքեյան Կենտրոնը լիարժեք գործում է որպես հիմնադրամ, հնարավորություն ունի իրականացնել իր կանոնադրական նպատակները, աջակցել մշակույթին, կրթությանը, գիտությանը, առավել արդյունավետ դարձնելով հիմնադրամի գործունեությունը: Այս առթիվ հիմնադրամն ակնկալում է նաեւ բարերարների եւ նվիրատուների աջակցությունն իր ծրագրերին: