Site MapLinksEnglishՀայերեն Tekeyan Centre Fund  
Home
About Us
Activities
Events
Reports
Business Centre
Contact
Gallery

News

30-05-2011

          «Թեքեյան Կենտրոն» Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանն իր հերթական գործնական այցը կատարեց Երեւան, որի նպատակն էր ընդլայնել Հիմնադրամի գործունեությունը` մշակելով եւ կյանքի կոչելով նոր ծրագրեր: Նախագահը բազում քննարկումներ ունեցավ Հիմնադրամի տնօրենի եւ աշխատակազմի հետ` Հիմնադրամին վերաբերող մի շարք հարցերի եւ խնդիրների շուրջ, որոնց թվում էին թե Թեքեյան Կենտրոնի շենքի տեխնիկական, վերանորոգման եւ շահագործման խնդիրները եւ թե բարեգործական ծրագրերը:
       2010թ. սկսած Հիմնադրամի հովանու ներքո են գտնվում Հայաստանի Վ. Թեքեյանի անվան կրթօջախները, որոնց ցանկը արդեն համալրում է Արցախի համանուն դպրոցը: Դպրոցների հետ կապերն ամուր պահելու եւ հերթական ծրագրերն իրականացնելու նպատակով, «Թեքեյան Կենտրոն» Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Վ. Թեքեյանի անվան դպրոցը նախ Գյումրիում եւ ապա` Ստեփանավանում: Երկու դպրոցներում էլ ջերմ ընդունելություն էր սպասվում հյուրերին:

            Այցերի ընթացքում Հիմնադրամի նախագահը ծանոթացավ դպրոցների ընդհանուր վիճակին, առաջադիմություններին ու հաջողություններին: Տնօրենների հետ քննարկվեցին նաեւ դպրոցների առջեւ ծառացած խնդիրները:
             Գյումրիի դպրոցի տնօրեն Հ. Պետրոսյանի խոսքով, դպրոցը դասասենյակների խիստ պակաս ունի. բարձր վարկանիշ ունեցող դպրոցի աշակերտության թիվը մեծ է, իսկ կառույցը` փոքր: Մեծ խնդիր է գարադարանային տարածքի բացակայությունը, ինչպես նաեւ դպրոցի երրորդ հարկում գտնվող մարզադահլիճի անհարմարավետությունը: Հիմնադրամի նախագահը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել դպրոցին` խնդիրները լուծելու:
            Իսկ Ստեփանավանի դպրոցի նույնանման խնդիրները լուծում են ստացել Լինսի Հիմնադրամի շնորհիվ: Դպրոցի տնօրեն Վ. Մարտիրոսյանի հավաստմամբ, կառուցվող նոր մասնաշենքը, որը ներառում է հագեցած ժամանակակից սարքավորումներով եւ գույքով գրադարան, ճաշարան, հանդիսադահլիճ, մարզահրապարակներ տարբեր մարզաձեւերի համար, շահագործման կհանձնվի 2011թ. սեպտեմբերին:
              Պրն. Ուզունյանը տեղեկացավ, սակայն, որ դպրոցը կարիք ունի տրանսպորտային միջոցի, որը կծառայի աշակերտների տեղափոխմանը: Դպրոցի գրադարանը հարստացման կարիք ունի. անհրաժեշտ են բառարաններ, հանրագիտարաններ եւ գեղարվեստական գրականություն: Ծանոթանալով խնդիրներին` Հիմնադրամի նախագահը նշեց, որ դպրոցի կարիքները կքննարկվեն Հիմնադրամի հոգաբարձուների արտահերթ ժողովում:
             Երկու կրթօջախներում էլ պրն Ուզունյանն անդրադարձավ Հիմնադրամի առաջիկա երկու ծրագրերին` «Ամառային ճամբար» եւ «Դասագրքեր»: Առաջին ծրագիրն ընդլայնել է իր աշխարհագրությունը` ընդգրկելով Արցախի Թեքեյան դպրոցը, եւ ծավալները` 2010թ. համեմատությամբ, մասնակիցների թիվը կրկնապատկվել է` ինչը հնարավորություն է ընձեռում շատ ավելի մեծ թվով երեխաների օգտվել Հիմնադրամի ծավալած բարեգործությունից:
            «Դասագրքեր» ծրագիրն արդեն ընթացքի մեջ է. այն իրականացնելու նպատակով կազմակերպվել է դրամահավաք: Եվ արդեն Սփյուռքից մեծ թվով բարերարներ արձագանքել են` իրենց լուման ներդնելու այս ձեռնարկին: Նոր ուսումնական տարում բոլոր Թեքեյան դպրոցների որոշ աշակերտներ կստանան անվճար դասագրքեր. աստիճանաբար շահառուների ցանկը կընդլայնվի եւ կընդգրկի բոլոր աշակերտներին: 
            Քանի որ «Թեքեյան Կենտրոն» Հիմնադրամն ունի բազմաթիվ համակիրներ, առաջարկվեց տարբեր տարածաշրջաններում ստեղծել Հիմնադրամին կից կառույցներ, որոնք կհամախմբեն թեքեյանցիներին եւ կծառայեն հօգուտ հայ ազգի` տարբեր ձեռնարկների միջոցով կտարածեն ազգային մշակույթի, կրթության, կրոնի եւ պետականության գաղափարախոսություն եւ կպահպանեն երիտասարդ սերնդի ազգային մտածողությունն ու հոգեբանական միասնությունը:
 

« Back to News