Կայքի քարտեզըՀղումներEnglishՀայերեն Թեքեյան Կենտրոն Հիմանդրամ  
Հիմնական
Մեր մասին
Գործունեությունը
Իրադարձություններ
Հաշվետվություններ
Բիզնես Կենտրոնը
Կապ
Պատկերասրահ
Մեր մասին > Հիմնադրումը

Թեքեյան Կենտրոնի hիմնադրումը

Հայաստան, 90-ական թթ... Աննկարագրելի դժվարությունների եւ զրկանքների, ռազմական գործողությունների եւ տնտեսական շրջափակման տարիներ... Տարիներ, երբ հայ ժողովուրդը փորձում էր գոյատեւել, իսկ հայ մշակույթը պարզապես կործանման եզրին էր: Եվ հենց այս տարիներին Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը գաղափար հղացավ ստեղծել մշակութային կենտրոն, որը կյանքի կվերակոչեր հայ արվեստն ու գրականությունը, գիտությունն ու կրթությունը, ինչպես նաեւ կնպաստեր հայության միավորմանը:

Ի սկզբանե Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի ծրագիրն էր` մշակութային կենտրոն ստեղծել Լոնդոնում, սակայն մի քանի ապարդյուն փորձերից հետո, 1991թ. որոշում կայացվեց այդ ծրագիրն իրականացնել Հայրենիքում:

1992թ. Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը ձեռնամուխ եղավ գնելու եւ վերակառուցելու Երեւանի սրտում գտնվող հայտնի «Կռունկ» ռեստորանը, որը ժամանակին երեւանցիների ամենասիրելի ժամանցի վայրերից էր եւ, սակայն, այդ դժվար տարիներին գրեթե մոռացության էր մատնվել: Այդ տարիների համար զարմացնող երեւույթ էր նաեւ այն, որ կերուխումների եւ ժամանցի վայրը վերածվում էր մշակութային օջախի, երբ ամենուրեք հակառակ պատկերն էր տիրում: Բաղձալի երազանքն իրականություն դարձնելու նպատակով, ԼԹԽՄ նախագահ Կարո Գրիգորյանը եւ պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը աննախադեպ դրամահավաքներ նախաձեռնեցին, ընդգրկելով սփյուռքի լայն շրջանակներ: Այս ազգանվեր գործում իրենց մեծ դերն ունեցան նաեւ Հ.Ուզունյանը` Թեքեյան Մշակութային Միության հիմնադիրներից մեկը, Ա.Թովմասյանը, Ն.Խաչատուրյանը, Ս.Գրիգորյանը, Թ.Ավագյանը, Ե.Ազատյանը եւ շատ ուրիշներ:

Դրամահավաքներ կազմակերպվեցին Եվրոպայի, Միջին Արեւելքի եւ ԱՄՆ-ի Թեքեյան Մշակութային Միության շրջանակներում: Աշխարհի տարբեր երկրներից հայեր արձագանքեցին` իրենց լուման ներդնելով հայապահպան գործում: Արվեցին բազմաթիվ արժեքավոր նվիրատվություններ:

1993թ. տաղանդաշատ ճարտարապետ Օլեգ Շոկորեւը, որը նույն «Կռունկ» ռեստորանի նախագծողն էր, հանձն առավ շենքի նախագծումն ու վերակառուցումը: Որոշվեց` ի հավերժացում հայ մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանի անվան, շենքը կոչվելու է Թեքեյան Կենտրոն: Աներեւակայելի ջանքեր եւ անձնական զոհողություններ պահանջող շինարարական աշխատանքների կատարման վերահսկումն իրականացվում էր անմիջականորեն Վարդան Ուզունյանի կողմից:

1997թ. հոկտեմբերին տեղի ունեցավ Թեքեյան Կենտրոնի հանդիսավոր բացումը: Ներկա էին ՀՀ կառավարության բարձրագույն մարմիններ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, բարերարներ, նվիրատուներ, սփյուռքի եւ հայրենիքի բազմաթիվ համակիրներ, որոնց շնորհիվ իրականություն դարձավ այս հանրօգուտ ծրագիրը: Իրադարձությունը կարեւորվում է նաեւ նրանով, որ այն մաս էր կազմում այդ օրերին Հայաստանում մեծ շուքով նշվող Թեքեյան Մշակութային Միության հիմնադրման 50-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրի:

Օլեգ Շոկորեւը արժանացավ քաղաքապետի պատվոգրին որպես «Տարվա լավագույն ճարտարապետ», իսկ շենքը` «Երեւանի լավագույն հանրային կառույց» տիտղոսին: Արդիական տեսք ստանալով, այն առ այսօր համարվում է մայրաքաղաքի լավագույն շինություններից մեկը:

Թեքեյան Կենտրոնը դարձավ նաեւ Երեւանի առաջին բիզնես կենտրոնը, իր հարկի տակ հյուրընկալելով հայտնի ընկերությունների: Սրահներում անցկացվում են միջազգային համաժողովներ, պաշտոնական ընդունելություններ, մամուլի ասուլիսներ, սեմինարներ, խորհրդակցություններ, շնորհանդեսներ, ցուցահնդեսներ եւ այլն: Թեքեյան Կենտրոնը կարճ ժամանակում հայտնի դարձավ եւ իր ուրույն տեղը գրավեց Երեւանում:

Թեքեյան Կենտրոնի շենքի պաշտոնական բացումը տեղի ունեցավ նախքան շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը: Նվիրատվությունները դեռեւս բավարար չէին գործընթացն ավարտին հասցնելու համար: Այդ նպատակով ԹԿ Հոգաբարձուների Խորհուրդը որոշում կայացրեց վարկեր վերցնել նախ HSBC Հայաստան, ապա` Ժնեւի UBS բանկից, որոնք հնարավոր եղավ մարել միայն 2008թ.:

2001թ. Թեքեյան Կենտրոն շահույթի նպատակ չհետապնդող ՍՊԸ-ն վերագրանցվեց որպես «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ:

Ցավոք, վարկերի առկայությունը թույլ չէր տալիս Հիմնադրամին լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել իր կանոնադրական նպատակների ուղղությամբ: Այնուամենայնիվ, Թեքեյան Կենտրոնը շարունակում էր աջակցել Հայաստանի Թեքեյան Մշակութային Միությանը, տրամադրում գրասենյակ, դահլիճներ` շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, մրցույթներ եւ այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Նմանատիպ օգնություն է ցույց տրվել նաեւ այլ հասարակական կազմակերպություններին եւ անհատներին:

Ներկայումս Թեքեյան Կենտրոնը ավելի լիարժեք է գործում որպես հիմնադրամ, հնարավորություն ունի իրականացնել իր կանոնադրական նպատակները, աջակցել մշակույթին, կրթությանը, գիտությանը, առավել արդյունավետ դարձնելով հիմնադրամի գործունեությունը: Այս առթիվ հիմնադրամն ակնկալում է նաեւ բարերարների եւ նվիրատուների աջակցությունը իր ծրագրերին: