(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Էրեբունի-Երեւան - 2800-ամյակ»

2018-10-10

 

Լոնդոնի Քոփթորն Թարա հյուրանոցում Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի (Tekeyan Trust) եւ Թեքեյան մշակութային միության կազմակերպմամբ կայացավ մեծաշուք հանդիսություն՝ նվիրված Երեւանի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության խորհրդական Տիգրան Գալստյանը, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Հայր Շնորհք Բագհդասարյանը, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բրիտանացի բարեկամներ:

Ձեռնարկը մեկնարկեց Հայաստանի եւ Երեւան քաղաքի օրհներգներով, ինչից հետո հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհահռչակ երաժիշտ, շանսոնյե, մեծ արտիստ, հայ ազգի մեծ զավակ Շառլ Ազնավուրի հիշատակը: Հնչեց «Տեր ողորմեա» հայ հոգեւոր երգը՝ կատարմամբ մեցցո-սոպրանո Անայիս Հեղոյանի:

Այնուհետեւ, ելույթով հանդես եկավ Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի պատվավոր քարտուղար, Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի նախագահ եւ Երեւանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը: Շնորհավորելով համայն աշխարհի հայությանը սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակի առթիվ, նա հատկանշեց հազարամյակների պատմություն ունեցող քաղաքի կայուն զարգացման ուղին: Նա նաեւ կարեւորեց հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման անհրաժեշտությունը. «Քանի դեռ մենք պահպանում ենք մեր մշակութային ժառանգությունը, մեր հավատը դեպի Հայ Առաքելական Եկեղեցին, սերը հայոց լեզվի, Հայաստանի ու Արցախի հանդեպ, մեր ազգը կշարունակի բարգավաճել, իսկ Երեւանը միշտ կլինի մեր միասնության, մեր հզորության գրավականը»:

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության խորհրդական Տիգրան Գալստյանը, ջերմ շնորհավորանքներ հղելով քաղաքամայր Երեւանի հիմնադրման հոբելյանական տարեդարձի առթիվ, իր խոսքում նշեց. «Երեւանը հայ ժողովրդի բազմադարյա պատմության կենդանի վկաներից է: Այն կենսակերպ է՝ իր պատմությամբ, հարուստ մշակութային կյանքով, ուրույն ճարտարագիտական ոճով. կրթության ու գիտության, արվեստի ու գրականության կենտրոն է: Մենք հպարտ ենք «Երեւան դարձած Էրեբունիով», ուստի պետք է նաեւ հոգանք, որպեսզի Հայաստանի սրտում բաբախող մեր հարազատ քաղաքը տարեցտարի ավելի բարգավաճի ու զարգանա»:

Հյուրերին ողջունեց ու շնորհավորեց նաեւ Լոնդոնի Թեքեյան մշակութային միության նախագահ դոկտոր Կարեն Արեւյանը, ով կոչ արեց աշխարհասփյուռ հայերին սատար կանգնել հայրենիքին, հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ պահպանել ու շենացնել Երեւանը, որպեսզի սերունդներին փոխանցել բարեկարգ, ապահով, մաքուր ու գեղեցիկ քաղաք:

Տոնական ձեռնարկը շարունակվեց մշակութային ծրագրով՝ հայկական երաժշտությամբ, երգով ու պարով: Տպավորիչ ելույթներով հանդես եկան երգիչներ Անայիս Հեղոյանը, Գրիգոր Նաջարյանը, Զվարթ Կարեյանը, Ցուզել Մանուչարովան, Ֆեյրուզ Թորոսյանը, ջութակահար Անժելա Նաջարյանը, կլարնետահար Փոլ Էվերնդենը, դաշնակահար Սան Չանգը, ինչպես նաեւ Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի «Կոմիտաս» կամերային երգչախումբը՝ խմբավար Գրիգոր Նաջարյանի գլխավորությամբ: Հանդիսավոր երեկոյի ընթացքում հնչեցին հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Արմեն Տիգրանյանի, Ռոբերտ Պետրոսյանի եւ այլոց գործերից: Համերգային մասը եզրափակվեց Լոնդոնի «Ախթամար» պարային համույթի ելույթներով /գեղարվեստական ղեկավար՝ Արսեն Զաքարյան/:

Տոնական ճաշկերույթի ընթացքում ցուցադրվեց ռեժիսոր Արտակ Ավդալյանի՝ 2014 թվականին նկարահանած «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Երեւան քաղաքի պատմությունը սկսած հնագույն ժամանակներից՝ նրա հիմնադրումից, մինչև 21-րդ դար:

Հանդիսավոր ձեռնարկն ավարտվեց Տ. Հովակիմ եպիսկոպոսի շնորհավորական խոսքով եւ օրհնությամբ: Հոգեւորականը նաեւ բարձր գնահատանքի արժանացրեց Լոնդոնի Թեքեյան կառույցների ազգանվեր գործունեությունը եւ մաղթեց նորանոր հաջոցություններ ու ձեռքբերումներ հայապահպանության դժվարին գործում:

 

նախորդ էջ