(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների ելույթները Թեքեյան Կենտրոնում

2023-05-02

 

«Թեքեյան Կենտրոն» hիմնադրամի՝ Երեւանում կայացած Ընդհանուր տարեկան ժողովի շրջանակում կազմակերպվել էր տոնական ձեռնարկ, որն էլ համընկել էր Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային oրվա հետ:

Միջոցառմանը ներկա էին ԹԿՀ հոգաբարձուները սփյուռքից եւ Հայաստանից, մշակութային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Ձեռնարկին բացման խոսքով հանդես եկավ ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը եւ, ողջունելով ներկաներին ու ներկայացնելով երեկոյի մասնակիցներին՝ Երեւանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաներին եւ ուսուցիչներին, շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նաիրա Դիվանյանին համագործակցության եւ հետաքրքրաշարժ ծրագիր ներկայացնելու համար: Նաիրա Դիվանյանն օրվա խորհրդով շնորհավորեց հյուրերին եւ անդրադարձ կատարեց արվեստի դպրոցի գործունեությանն ու ձեռքբերումներին:

Համերգային մասի բացումը կատարեցին դպրոցի փողային բաժնի սաները՝ Նարինե Ղուկասյանի ղեկավարությամբ, հնչեցնելով Պոնսեի «Էստրելիտտան», ապա թատերական բաժնի աշակերտները՝ Մանուշակ Նիկոսյանի բեմադրությամբ, հանդես եկան առակով եւ տարբեր մասնագիտություններ բնորոշող ծիծաղաշարժ էտյուդով։ Հաջորդիվ պատանի երաժիշտ-երգահան Տաթեւ Մայիլյանը ներկայացրեց իր հեղինակային «Կարոտ» ստեղծագործությունը՝ ուղեկցված կիթառի նրբագեղ հնչեղությամբ։

Երեկոն եզրափակեց «Դանիելյան ֆոլք բենդը»՝ ժողովրդական եւ ազգագրական երգերի յուրահատուկ մեկնաբանությամբ։ Հնչեցին «Քելե-քելե», «Նազ պար», «Խիո-խիո», «Սեբաստիո պար» եւ «Գինի լից» կատարումները:

Նշենք, որ նորաստեղծ «Դանիելյան ֆոլք բենդը» 2023թ. Հայաստանը ներկայացրել է Միացյալ Թագավորությունում անցկացվող «Golden Time Talent» երաժշտական միջազգային փառատոնին` արժանանալով 1-ին կարգի դիպլոմի:

 

նախորդ էջ